60945 դիտում
03:32 16-06-2015
Առեղծվածային պայթյուն Երևանում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. հարակից բնակարանների ապակիները ջարդվել են. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ (ԼՐԱՑՎԱԾ)
Այսօր՝ հունիսի 16-ին, ուժգին պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Բաղրամյան 60 շենքի դիմաց գտնվող թիվ 1998 ավտոտնակում դեռևս անհայտ պայմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ներսում կայանված Nissan Qashqai մակնիշի 19 SS 190 համարանիշի ավտոմեքենան ամբողջովին դարձել է մոխրակույտ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1-ին և 8 հրշեջ փրկարարական ջոկատները՝ մեկական մարտական հաշվարկներով, որոնց աշխատանքները տեղում ղեկավարում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Այս պահին տեղում աշխատում է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Ռաֆայել Ներսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պայթյունի հետևանքով ավտոտնակի դարպասները հիմնովին պոկվել են, մի մասն անգամ շպտրվել է մի քանի մետր, իսկ ուժգին պայթյունի հետևանքով էլ վնասվել են բնակելի շենքերի, ինչպես նաև 7 հարկանի շենքի ապակիները:
Նշված վայրում փրկարարները, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, 1 հատ գաղտնի փականով դանակ:
Նշված վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ, ով մահացել է:
09:30-
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ Արաբկիրի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ մահացածը հանդիսանում էր Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ, 21-ամյա Գոռ Արմենի Թումոյանը, ով երեկ զինկոմիսարիատում բժշկական հետազոտություն էր անցել եւ առաջիկայում պետք է զորակոչվեր բանակ: Ըստ տեղեկությունների՝ մինչ դեպքը տեղի ունենալը, Գ. Թումոյանը իր հորեղբորից՝ Արա Թումոյանից, գումար է խնդրել, սակայն ինչ-ինչ հարցերի շուրջ տարաձայնություն է տեղի ունեցել նրանց միջեւ, որին միջամտել է մյուս հորեղբայրը, իսկ հետո Գոռն այցելել է Արայի բնակության վայր, որից հետո տեղի է ունեցել պայթյունը: Վնասված ավտոմեքենան պատկանում է Արային:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31524 դիտում
11:01 03-06-2018
Պայթյուն Վարդենիս քաղաքում. Կոտրվել են հագուստի խանութի եւ բնակարանների ապակիները