211652_close_icon
views-count19123 դիտում article-date 15:43 16-06-2015

Արագածոտնի մարզում հասունանում է նոր «բունտ». գյուղացիները պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, քանի որ վտանգված է իրենց անվտանգությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը մեծ թափով սկսել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները, նույն այդ ճանապարհի հարևանությամբ գտնվող բազմաթիվ գյուղերի ճանապարհներ գտնվում են բարձիթողի վիճակում: Գաղտնիք չէ, որ հանրապետությունում, հիմնականում գյուղամիջյան ճանապարհներին, երբ տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, մասնագետները պնդում են, որ վթարի պատճառը ոչ միայն մարդկային գործոնն է, այլև ճանապարհների մարդաբոյ փոսերը, երկաթբետոնե արգելապատնեշների և արտաքին լուսավորության բացակայությունը: Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշենից դեպի Վերին Բազմաբերդ և Ավթոնա գյուղեր տանող միջգյուղական ճանապարհն ասես հայտնված լինի պատերազմական իրավիճակում: Փոսերն այնքան շատ են, որ չիմացողները կիմանան, թե ռմբակոծության է ենթարկվել այդ ճանապարհահատվածը, իսկ ճանապարհին կառուցված կամուրջն ավելի շատ ծառայում է ոչ թե որպես կամուրջ, այլ աղբի պահեստարան, քանի որ կամրջի տակ և շրջակայքն ամբողջովին լցված է աղբով: Կամրջի հենասյուները ամբողջովին քայքայված են, պարզապես երջանիկ պատահականությամբ է, որ այն չի փլուզվում, սակայն չկա երաշխիք, որ մի օր այն չի տապալվի: Նշված գյուղեր կամուրջի և ճանապարհի պատճառով մարդիկ քիչ են այցելում, նույնիսկ եղել են դեպքեր, որ Երևանից կամ մյուս մարզերից, երբ այդ գյուղեր են ժամանել՝ իրենց բարեկամներին և ընկերներին տեսնելու, հանդիպել են կամրջի մոտ, իսկ մանր և միջին բիզնեսով զբաղվողները հրաժարվում են այդ գյուղեր ապրանքներ տեղափոխել՝ պատճառաբանելով կամրջի վտանգավոր լինելու հանգամանքը, փոխարենը ապրանքները բերում են կամրջի մոտ, իսկ այնտեղից գյուղացիները ոտքով տեղափոխում են ապրանքները, որոնք հիմնականում առաջին անհրաժեշտության պարագաներ են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնեց, որ կառավարությունը 2014 թվականին որոշում է կայացրել, որ այդ ճանապարհները վերանորոգվեն, մինչդեռ գյուղացիներն արդեն այնքան էլ չեն հավատում ոչ մարզպետի, ոչ էլ կառավարության խոստումներին, նրանց միակ հույսը հանրապետության նախագահն է, ով գոնե կհանձնարարի, որպեսզի կամուրջը պատկան մարմինները դարձնեն երթևեկության համար պիտանի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մի քանի գյուղերի բնակիչներ անգամ որոշել էին ճանապարհների խնդիրները լուծելու համար բողոքի ակցիաներ անցկացնել՝ փակելով Երևան- Գյումրի ավտոճանապարհի կարևոր հատվածները, սակայն այս պահին ձեռնպահ են մնում այդ գործողություններից՝ հույսով, որ պատկան մարմինները գոնե կամուրջները կվերանորոգեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր