211652_close_icon
views-count1083 դիտում article-date 19:34 01-07-2015

Բրեստում բացվել է հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքար. ֆոտոշարք

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 1-ին Բրեստ քաղաքում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացմանը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: Նշենք, որ խաչքարի բացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը եւ մոսկվաբնակ ջավախքցի բարերար Անդրանիկ Սուրվալյանը: Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է. «Հայաստանը՝ որպես մշակութային արժեքների պահպանման իրական ջատագով, ձգտում է իր նպաստը բերել քրիստոնեական մշակույթի պահպանման ու տարածման գործում, եւ դրա դրսեւորումներից մեկն է նաեւ Բրեստի ամրոցն ազատագրած հայ զինվորների հիշատակին նվիրված այս խաչքարի տեղադրումը: Այսօր, բացելով հուշարձանը՝ մենք բոլորս սգում ենք ռազմի դաշտում զոհվածների համար: Հայ ժողովրդի տասնյակ հազարավոր որդիներ մասնակցել են հիտլերյան լծից ազատագրմանը: Մենք դատապարտում ենք ահաբեկչության եւ այլատյացության բոլոր դրսեւորումները: Ցավով կցանկանայի նշել, որ հայերս՝ որպես հազարամյա մշակութային ժառանգության կրողներ, անգամ 21-րդ դարում ականատես ենք լինում հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացմանը, որն անվանել այլ կերպ, քան մշակութային ցեղասպանություն, պարզապես հնարավոր չէ՝ ընդ որում ոչ միայն հայկական, այլ ընդհանրապես քրիստոնեական հոգեւոր արժեքների նկատմամբ: Սրա վառ ապացույցն է ներկայում Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջեւանում Ջուղայի եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումը: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հանցավոր նացիստական դոկտրիններն իրենց բոլոր դրսեւորումներով մնան անցյալում: Եվ այսօր, տեղադրելով այս խաչքարը՝ մենք կրկին ապացուցում ենք, որ լույսը հաղթում է խավարին, եւ բարությունը հաղթական է»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր