211652_close_icon
views-count977 դիտում article-date 13:28 08-07-2015

Գեղարդում և Գառնիում կանցկացվի երկրորդ «Վարդավառ միջազգային փառատոնը»

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հուլիսի 12-ին կազմակերպում է թվով երկրորդ «Վարդավառ միջազգային փառատոնը»: Լինելով կրթական, մշակութային միջոցառում՝ փառատոնն անց է կացվելու հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում: «2014 թ.-ին առաջին անգամ կազմակերպելով «Վարդավառ միջազգային փառատոնը»՝ ԵԱԴ-ն առաջին քայլն արեց Վարդավառ տոնը միջազգային համատեքստում ներկայացնելու ուղղությամբ: Շուրջ 26 երկրից ավելի քան 150 օտարերկրացի երիտասարդ իր մասնակցությունը ցուցաբերեց և հնարավորություն ունեցավ փոքրիկ համարներով հանդես գալու փառատոնի շրջանակում, ինչպես նաև ծանոթանալու հայկական մշակույթին: Հաշվի առնելով նախորդ փորձը՝ այս տարի իրականացվելու են առավել լայնածավալ աշխատանքներ՝ զարկ տալու հայկական մշակույթի վերհանմանը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանմանը, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի բարգավաճմանը և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը»,- նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: Փառատոնի ծրագրում ընդգրկված է ինչպես Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը, այնպես էլ ազգագրական երգի, պարի համույթի հոգեթով կատարումներ, ազգային ավանդական խաղեր, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները: Իսկ տարբեր հանրաճանաչ համույթների և դերասանների կողմից բեմադրված երաժշտական թատրոնը յուրովի է պատմելու և ողջ աշխարհին ներկայացնելու Վարդավառ տոնի էությունը: Փառատոնի հայաստանյան և օտարերկրացի մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցելու նաև Վարդավառ տոնի ավանդական, բայց յուրօրինակ ջրոցի խաղին:

Նմանատիպ նյութեր