7082 դիտում
16:21 16-07-2015
Ո՞վ է հովանավորում լրագրողների ընտանիքին ահաբեկողներին. «Չորրորդ իշխանություն»
«ՉԻ» լրագրող Մհեր Ղալեչյանն ու նրա կինը՝ լրագրող Գայանե Խաչատրյանը, այսօր ապրում են տեռորի մթնոլորտում: Իսկ այդ մթնոլորտի հիմնական պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է` իր դուստր ձեռնարկությամբ, որը կրում է Արաբկիրի թաղապետարան անունը: Դուստր ձեռնարկության «տնօրենը», այսինքն՝ թաղապետը Հրայր Անտոնյանն է, ով ոչ միայն չի կարողանում լուծել համայնքում առաջացած խնդիրները, այլև տոն է տալիս, որ համայնքում լինեն յուրայիններ ու ոչ յուրայիններ: Յուրայինները, բնականաբար, օժտված են ապօրինություններ ու խուլիգանություններ անելու լիազորություններով՝ զուգահեռաբար նրանք անձեռնմխելի են, իսկ ոչ յուրայինները սովորաբար հայտնվում են այնպիսի իրավիճակում, որ նրանց մնում է հրապարակայնություն տալ տեղի ունեցածին: Մեր գործընկերները փորձել են առանց հրապարակայնություն տալու խնդրին՝ լուծել ստեղծված արտասովոր խնդիրը, սակայն դա նրանց ոչ միայն չի հաջողվել, այլև ամուսիններով հայտնվել են «յուրայինների» բռնության թիրախում: Սա` որպես կարճ նախաբան, իսկ հիմա անցնենք բուն խնդրին:
2004թ. սեպտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետի թիվ 1730-Ա որոշմամբ Խաչատրյանները սեփականացրել են իրենց տունը ու դրան կից հողամասը՝ Աղբյուր Սերոբի 52/1 հասցեում: Վերջիններիս հարևանը՝ Վարդան Հովնիկյանը, որը լուրջ կապեր ունի Երևանի քաղաքապետարանում, արդեն 2005թ. ապրիլի 20-ին, բոլորից թաքուն ու գաղտնի քաղաքապետարանից որոշում է «հայթայթում» իր տան մասով՝ հարևանի մուտքը սպասարկող տարածքն էլ «բռնակցելով» իր տան տարածքին: Ավելի որոշակի վերջինս ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի առաջատար մասնագետ Վարազդատ Փիրումյանի միջոցով կարողանում է սեփականացնել ոչ միայն իր տունը, այլ նաև հարակից տարածքը, որն արդեն իսկ սեփականացրած է եղել Խաչատրյանների կողմից: Ամբողջ պատմությունը սկսվում է Փիրումյան ազգանունը կրող անձի տված այս փաստաթղթից:
Հովնիկյանը տարիներ շարունակ լռում է այս մասին, և միայն 2009թ. դեկտեմբերին միասնական տեղեկանք ստանալու համար դիմում է կադաստրին, որտեղից էլ մերժում է ստանում: Կադաստրի աշխատակիցները ստուգումներ են իրականացնում տարածքում և հայտնաբերում են, որ Հովնիկյանը նշել է, թե ունի 98.8 քմ տարածք, բայց իրականում այն 86.6 քմ է: Պարզվում է «ավել» ներկայացրած 12.2-քմ-ն Խաչատրյանների տան կողքի տարածքն է, որն ի դեպ չափարապատված է: Առաջացած «խոչընդոտը»՝ չափարը, Հովնիկյանի կողմից քանդվում է գիշերով: Չափարը վերացնելուց հետո նա նորից է դիմում կադաստր՝ դարձյալ միասնական տեղեկանքի համար: Այս անգամ կադաստրը տրամադրում է համապատասխան տեղեկանքը՝ հատուկ նշում անելով փաստաթղթում, որ քանի որ ցանկապատը՝ չափարն այլևս հանած վիճակում է, դա արդեն նորմալ է:
Այնուհետև Հովնիկյանը գործի է անցնում ու որոշում է Խաչատրյանների տարածքի վրա պատ շարել: Խաչատրյանները, բնականաբար, բողոքում են, և շինարարությունը կասեցվում է: Այդ բողոքն իրականացնելու ընթացքում է միայն Խաչատրյաններին հայտնի դառնում, որ իրենց հարևանը իրենց իսկ տարածքի մասով սեփականության վկայական է ձեռք բերել:
Խաչատրյանները դիմում են դատարան, և այս պահին դատական գործն ընթացքի մեջ է: Գործին կցված են հնարավոր բոլոր ապացույցները, որոնք փաստում են՝ Հովնիկյանի սեփականության վկայականը պետք է անվավեր ճանաչվի:
Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունն այս ընթացքում եզրակացություն է տալիս, որ Վարդան Հովնիկյանին սեփականության իրավունքով տարածք հատկացնելու գործընթացում հաշվի չի առնվել Խաչատրյանների հողամասի և շինության առկայությունը: Եվ սա խոչընդոտ է հանդիսանում Խաչատրյանների տան մուտքի լիարժեք կազմակերպման համար: Փաստաթուղթը տրվել է 2015 թ. հունիսի 29-ին: Նույնպիսի եզրակացություն է տվել ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրոն»՝ նշելով, որ Հովնիկյանին տրված հողամասի փաստը չի հիմնավորվում:
Ամեն ինչ, սակայն, սկսվում է այն պահից, երբ Հովնիկյանն առանց սպասելու դատավճռին, պարզապես փակում է լրագրող ամուսինների տան մուտքը՝ վերջիններիս հրահանգելով այլևս բաց չպահել տան դուռը: Այսպես՝ վերջինս իր աստիճանները փողոցի մասից հանում ու բերում Խաչատրյանների ուղիղ դռան դիմաց է տեղադրում: Հենց այս պահից հետո էլ սա հրահանգում է ամուսիններին, թե՝ «Բա հանկարծ ձեր դուռը բաց չթողնեք, խանգարում ա ինձ»: Մհերն ու Գայանեն փորձում են բացատրել՝ ասելով, եթե խանգարում է, ուրեմն՝ վերականգնի նախկին աստիճանները: Հարևանը համառում է, թե տարածքն իմն է ու իմ արածը օրինական է: Ամուսինները բողոքով դիմում են Արաբկիրի թաղապետարան: Թաղապետարանից խայտառակ պատասխան են ստանում այն մասին, որ՝ գիտեք 3 ամիս արդեն անցել է աստիճանների տեղադրումից, ուստի՝ հնարավոր չէ ոչինչ անել, դիմեք դատարան: Սա բացարձակ սուտ է, և դրա մասին են վկայում նաև բազմաթիվ փաստաթղթեր:
Ամուսինները դիմում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Վերջինս պատասխանում է, թե Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանն ասել է՝ դատ է գնում, բան չենք կարող անել: Սա, ըստ էության, թաղապետի հաջորդ սուտն է: Սուտ, որը զեկուցվել է Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ աստիճանների հետ կապված ոչ մի դատական գործընթաց մեկնարկված չէ, նման հայց առհասարակ չի ներկայացվել որևէ մեկի կողմից:
Երևանի քաղաքապետարանի բանավոր պատասխանին ծանոթացաք արդեն, իսկ գրավոր պատասխանում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը տեղեկացրել է, որ 2012թ. հունիսից Հովնիկյանը նշված տարածքում աշխատանքներ չի իրականացրել: Հենց այստեղ Հայկ Ասատրյանը մատնել է ինքն իրեն՝ ապացուցելով, որ այս ողջ ապօրինության հետևում հենց ինքն է կանգնած: Մեջբերենք Ասատրյանի պատասխանից մեկ հատված. «…Աստիճանավանդակը, որն ի դեպ, ներառված է Հովնիկյանի սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի գլխավոր հատակագծում….» և այլն, և այլն, ու մի խոսքով, նորմալ է ամեն ինչ, և եթե հարցեր ունեք, գնացեք իր հետ խնդիրները լուծեք: Սա պաշտոնական դիրքի չարաշահում է կամ էլ հրապարակային արված կեղծիք, ինչու՝ որովհետև աստիճանավանդակն այսօրվա տեսքով ներառված չէ Հովնիկյանի հատակագծում, այսինքն, աստիճանները հատակագծում փողոցի կողմից են, իսկ հիմա այն տեղադրված է Խաչատրյանների ուղիղ տան դիմաց, այնպես, որ վերջիններս չեն կարող իրենց դուռը բաց թողնել: Ի դեպ՝ լրագրողներն իրենց սկսած «հետաքննությամբ» պարզել են, որ Հայկ Ասատրյանի ստի տակ չի ստորագրել անգամ կադաստրը: Ավելին՝ այս մարմինն ինքն է տեղեկացրել ամուսիններին, որ աստիճանավանդակները ներառված չեն Հովնիկյանի հատակագծում:
Ստացվում է, որ Հովնիկյանը, ունենալով հովանավորներ և իր համար կեղծիքի գնացող բարձրաստիճան պաշտոնյաներ, աստիճանները ապօրինաբար տեղադրել է ուրիշի տարածքում ու դրանից հետո էլ անընդհատ կռիվ ու վեճ է հրահրում՝ փորձելով վախեցնել լրագրող ամուսիններին: Մեր ձեռքի տակ են այն լուսանկարները, որտեղ պատկերված է Գայանեն՝ վնասվածքներով, իսկ դրանց հեղինակը Հովնիկյանն է:
Մուտքի հարցը լուծելուց հետո Հովնիկյանն անցել է Խաչատրյանների հողամասը զավթելուն: Վերջինս հիմա էլ Խաչատրյանների տան հարակից տարածքում քարեր է շարել, ինչի հետևանքով մեր գործընկերները չեն կարողանում մուտք գործել իրենց հողամաս: Հովնիկյանները խորհուրդ են տվել Խաչատրյաններին տանիքով մտնել սեփական հողամաս: Լրագրողները ստիպված են եղել վերստին դիմել Արաբկիրի թաղապետարան, որպեսզի հարևանին պարտավորեցնեն ազատել տարածքը քարե պատից, սակայն դեպքի վայր ժամանած աշխատակիցը գտել է, որ դա պատ չէ, այլ պարզապես քարեր են՝ իրար վրա շարված:
Ղալեչյանն ու Խաչատրյանը զանգահարել են Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, դիմել են նաև գրավոր խնդրանքով: Քաղաքապետարանը պարտավոր էր եռօրյա ժամկետում գնալ դեպքի վայր, սակայն ժամկետը լրանալուց հետո էլ որևէ մեկը չի բարեհաճել հետաքրքրվել իրավիճակով: Եվ գիտե՞ք ինչու, որովհետև թեժ գծի հետքերով պարտավոր էր մարդ ուղարկել հենց Հայկ Ասատրյանը, սակայն ինչպես կարող էր նա մարդ ուղարկել մի հասցե, որի շուրջ ծավալվող ապօրինությունների շղթան սկսվում և ավարտվում է իրենով: Ի դեպ՝ երբ Հովնիկյանն է «ահազանգել» թեժ գիծ՝ վայրկենական թե´ Արաբկիրի թաղապետարանից, թե´ հատկապես Երևանի քաղաքապետարանից են մարդիկ ժամանել դեպքի վայր: Հետևությունները թողնում ենք Տարոն Մարգարյանին:
Տարոն Մարգարյանի աշխատակիցները՝ Հայկ Ասատրյանն ու Հրայր Անտոնյանը, չեն զլացել ակտավորել լրագրողներին այն բանի համար, որ երիտասարդ ընտանիքը տան հարդարման աշխատանքներ իրականացնելու նպատակով այդ նույն քարե պատնեշի հատվածում ընդամենը մի քանի օրով շինանյութի պարկեր է տեղադրել՝ այն օգտագործելու նպատակով: Լրագրողներին ակտավորել են, թե իբր շինաղբ են թողել տարածքում, մինչդեռ Հովնիկյանի դեպքում բանավոր հայտարարել են, թե մարդն ընդամենը քարեր է շարել իրար վրա՝ դա պատ չէ, բայց աղբ էլ չէ ու միանգամայն նորմալ է կատարվածը:
Վերջում հավելենք, որ Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը մեկ ժամում կարող էին լուծել խնդիրը, եթե չալարեին (կամ ապօրինություն անելու շահագրգռություն չունենային) ու հարցում ուղարկեին կադաստր՝ հարցնելով՝ ինչպես է ստացվել, որ նույն տարածքը հայտնվել է երկու մարդու սեփականության վկայականում: Մինչդեռ կադաստրը միանգամից կտար հարցի պատասխանը՝ հօգուտ Խաչատրյանների:
Ղալեչյանն ու Խաչատրյանն ամեն ինչ անելու են իրենց սեփականության նկատմամբ ոտնձգությունը վերացնելու ուղղությամբ: Օրենքի պահանջն է՝ Հովնիկյանին պարտավորեցնել քանդել աստիճանները մարդկանց դռան դիմացից, և այն տեղադրել փողոցի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2855 դիտում
10:30 03-02-2017
Մարտուն Գրիգորյանը փորձում է առաջ քաշել իր ընտանիքին պատկանող բիզնեսի խնդիրները. «Չորրորդ իշխանություն»
1808 դիտում
10:09 30-06-2016
ՀՅԴ պատգամավորներին «ինստրուկտաժ» են արել, որ զգուշանան լրագրողների հարցերից. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով