211652_close_icon
views-count1981 դիտում article-date 19:31 07-08-2015

Արմավիրի մարզում հիմնանորոգվում է 15կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհ. տեսանյութ

Քարակերտ-Դաշտադեմ ճանապարհին արդեն ավարտվել է ասֆալտի վերին շերտի տեղադրումը: Շինարարները ճանապարհի երկայնքով կատարում են հողային աշխատանքներ, կողնակների վերականգնում, իջատեղերի կառուցում: Շինաշխատանքներն իրականացնող «Արարատ ճանշին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Հրաչ Սարգսյանի խոսքով՝ ասֆալտապատման հիմնական աշխատանքներն ավարտվել են: Ասֆալտի վերին շերտի տակ տեղադրվել է մանրաթելային գեոգրիդե ցանց: Գյուղտեխնիկայի անցման տեղերում սալեր են շարվել: Քարակերտ-Դաշտադեմ 5,6 կմ-անոց ճանապարհահատվածը մեկն է 15 կմ ընդհանուր երկարությամբ այն երեք ճանապարհահատվածներից, որոնք այս պահին ակտիվ վերակառուցման փուլում են: Որպեսզի ճանապարհը հիմնանորոգվի որակով, արագ և բարեխղճորեն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության որոշմամբ այն բաժանվել է երեք մասի, մրցույթի արդյունքում դրանց վերակառուցումը վստահվել է երեք կազմակերպության: Հիմնանորոգվող ճանապարհը միջհամայնքային կարևորություն ունենալուց բացի, նաև մայրաքաղաքը Շիրակի դաշտավայրին կապող այլընտրանքային ուղի է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի փոխանցմամբ՝ սա Գյումրին Երևանին կապող հիմնական տարանցիկ ճանապարհն է։ Քարակերտով անցնող ճանապարհահատվածում շինարարները հիմնովին փոխում են ջրահեռացման համակարգերը, դրանից հետո կվերականգնեն ճանապարհի հողային պաստառը, ապա կիրականացնեն երթևեկելի մասի մասնակի լայնացում, միաշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրում: Հիմնանորոգման աշխատանքների որակին տեղում հետևում է գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի ղեկավար Կնուդ Մյուլլերը, ով գոհ է ճանապարհաշինարարների կատարած աշխատանքի որակից: «Աշխատանքները շատ բարձր որակով են կատարվում: Բացի այդ, այս հատվածում շատ գեղեցիկ են տեղադրված վաքերը: Որակի հարցում տարեցտարի մեծ առաջընթաց է նկատվում»,- նշեց ընկերության ներկայացուցիչը: Միջհամայնքային այս ճանապարհահատվածները վերակառուցվում են Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով: Հիմնանորոգման համար կծախսվի 1մլդ. 509 մլն դրամ: Աշխատանքների կատարման վերջնաժամկետն, ըստ պայմանագրի, մինչև 2016թ. հունիսն է, սակայն պատասխանատուները խոստանում են 2015թ. ավարտին ճանապարհը հանձնել լիարժեք շահագործման:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր