211652_close_icon
views-count11706 դիտում article-date 13:01 10-08-2015

Մեր գործընկեր «Ասպարեզ» էլեկտրոնային լրատվամիջոցի հարցազրույցը` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ

[b]-Դու Մհեր Մկրտչյանի թանգարանին նվիրել ես քո իսկ ընկերոջ նվիրած` արտիստի պատկերով հարթաքանդակը: Սովորաբար նվերը կրկնակի չեն նվիրաբերում, ի՞նչը քեզ դրդեց դրան:[/b] -Ես այն երկար ժամանակ պահում էի տանը, բայց գցեցի-բռնեցի, որ այս հարթաքանդակն իր պատվավոր տեղը պետք է գրավի այս թանգարանում, որովհետեւ իմ սկզբունքն է՝ եթե մի բան ես իմանում եմ, պետք է դառնա հանրության սեփականությունը: Հարթաքանդակն էլ է ինֆորմացիայի աղբյուր: Հետեւաբար, ավելի լավ է` մարդիկ այն տեսնեն թանգարանում, հետո՝ պահպանության տեսանկյունից ավելի ապահով կլինի: [b]-Իսկ քո սերը Ֆրունզիկի նկատմամբ որտեղի՞ց է գալիս:[/b] -Ես կուզենայի Նուբարաշենի մանկատանը ապրած իմ տարիներից մի դրվագի առնչությամբ փակագծեր բացել: Մենք այնտեղից մեր ծնողներին նամակներ էինք գրում: Հասցեներն իմանում էինք ուսուցչանոցից, այսինքն՝ գողանում էինք մեր անվանական գործերի միջից: Մի քանի դաստիարակներ մեզ ասում էին, որ մեր ծնողները մահացել են, որպեսզի ավելորդ հետաքրքրություն չցուցաբերենք: Կար այնտեղ դասատու՝ Մկրտչյան Վարազդատ, կյանքում չեմ մոռանա, ինձ ասում էր. «Մանկատունը «սեւ թուղթ» ենք ստացել, որ քո մայրը մահացել է ու ցույց էր տալիս Մհեր Մկրտչյանի հայտնի ֆիլմը. այն տեսարանը, երբ փոստատարը չէր կարողանում տանել-հանձնել «սեւ թուղթը», ու դա կուլ էր տալիս: Դասատուն չէր ասում, որ դա դերասան է, միայն բացատրում էր, որ փոստատարը բերել էր ինձ ուղարկած նամակը, բայց այն տեղ չէր հասել: Ու մենք երեխա էինք, հավատում էինք դրան: Հավատում էինք, որ դասատուները ճիշտ էին: [b]-Ի վերջո, դու պե՞տք է քեզ համար պարզեիր ճշմարտությունը:[/b] -Բնականաբար: Երբ մանկատնից դուրս եկա, հետաքրքրվեցի ու իմացա, որ նրանք՝ մեր դասատուները, խաբել էին: Թե իմ, թե մյուս երեխաների ծնողները եկել էին մանկատուն, տնօրինությանը խնդրել, որ մեզ չտան իրենց հասցեները, որովհետեւ մենք նամակ ենք գրում, իսկ նրանք ամուսնացած են՝ նոր ընտանիք ունեն: Բայց միշտ իմ մեջ տպավորված էր, որ Մհեր Մկրտչյանն էր իմ նամակների պատասխանատուն: Ու այդպես գնահատել եմ նրա արվեստը, պարզ ասեմ՝ Սեւակի խոսքերով՝ նրա մեծատառ մարդ լինելու հանգամանքը: Նաեւ ցավում եմ, որ մենք՝ հայերս ունենք մի այսպիսի խոսք՝ «Գնա մեռի, արի սիրեմ»: Ճիշտ չգնահատեցինք Մհեր Մկրտչյանին, բայց էլի գոհ եմ, որ սիրեցինք ու էլի սիրելու ենք: Մենք բոլորս անցողիկ ենք, բայց նրա արվեստը, նրա ֆիլմերը, նրա ամեն մի խոսքը իմ սրտում է: Ես շաբաթվա ընթացքում երեւի մի երեք անգամ այն տեսանյութն եմ նայում, որում նա կարդում է Պարույր Սեւակի «Մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ կա ելել է շալակն աշխարհի» բանաստեղծությունը: [b]-Իսկ ինչպիսի՞ն են քո տպավորությունները Գյումրու Մհեր Մկրտչյանի թանգարանից:[/b] -Ես անընդհատ…լրագրողական՝ հետաքննություն չասեմ, միշտ հետաքրքրվում եմ եւ ուրախ եմ, որ Գյումրիում տեղի լրատվամիջոցները մշտապես անդրադառնում են թանգարանի գործունեությանը: Մնում է համապատասխան մարմինները, նկատի ունեմ՝ Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանը, թանգարանը պատշաճ տեսքի բերելու համար նախաձեռնություն հանդես բերեն: Առաջին հարկում պատերը խոնավացած են, ցավ ես ապրում՝ արտասահմանցի հյուրերը կգան, կտեսնեն, կասեն՝ հայերը չեն կարողանում գնահատել իրենց մեծերին: Իմ մանկատան դասատուներից, կարծեմ, ընկեր Վերան էր ասում՝ ամերիկացուն հարցնում են, թե ի՞նչ կցանկանար հային, նա ասում է՝ «Կցանկանայի, որ հայը հային սիրեր ու գնահատեր այնպես, ինչպես օտարին»: Կուզենայի, որ Մհեր Մկրտչյանին էլ բարձր գնահատեին: [b]-Գագիկ Շամշյանին մարդիկ սովորաբար ճանաչում են որպես քրեական քրոնիկոնի հայտնի հեռուստատեսային եւ ֆոտոլրագրող: Հավանաբար շատ քչերին է հայտնի, որ նաեւ գրքերի հրատարակման մեկենասությամբ ես զբաղվում, համենայն դեպս, ես միայն հիմա իմացա այդ մասին: Դա ի՞նչ է, նախասիրությու՞ն է, թե՞ հոգու պահանջ, որ այժմ նոր-նոր է սկսել ձեւավորվել: [/b] -Ճիշտ է` շատերն ինձ Հայաստանում, եւ ոչ միայն Հայաստանում, ավելի շատ ճանաչում են հենց այդպիսին: Նորից վերադառնանք հայտնի «սեւ թղթի» պատմությանը: Հիշում եմ` մի անգամ դժբախտ դեպք էի ներկայացրել, մեկը մեկնաբանություն էր գրել` «Շամշյան, ոնց որ Մհեր Մկրտչյանի «սեւ թուղթը» լինես»: Բայց ես նաեւ տալիս եմ բազմաթիվ մշակութային, մանկապատանեկան նյութեր ու ցավ եմ ապրում, որ մեզ մոտ հանրությունն ավելի շատ հետաքրքրված է արտակարգ, կրիմինալ դեպքերով: Օրինակ, երբ Մհեր Մկրտչյանի 80-ամյա հոբելյանին նվիրված Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի սցենարով ստեղծված, շատ արժեքավոր «Է՜ն ուրիշ Մհերը» ֆիլմի պրեմիերան կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում, ես մտածում էի, որ երեւի լիքը թղթակիցներ կլինեին էլեկտրոնային լրատվամիջոցներից, կլուսաբանեին այն, բայց, եթե սխալվում եմ, թող ինձ ներեն, երեւի միայն ես եմ եղել այնտեղ: Ու հենց ֆիլմը տեսա, ես ինձ ասացի, որ այն պետք է դառնա գիրք: Որովհետեւ, ասում եմ, ես դպրոցում շատ եմ սիրել գիրք. Սեւակ, Շիրազ, Տերյան: Շատերն հիմա կարող են ասել` Չարենց էլ եմ սիրել, գիտեք՞, կարդացել եմ Չարենց, բայց մեծ տեղ եմ տվել նշածս պոետներին: Իսկ կինոյում ես սիրում եմ Մհեր Մկրտչյանին: Ես տանը ունեմ նրա բոլոր ֆիլմերը` տեսասկավառակային տարբերակով, ունեմ նաեւ Կարպ Խաչվանքյանի բոլոր ներկայացումները: Թատրոնում իմ կուռքը Կարպ Խաչվանքյանն է եղել: Կան մեծերը` Փափազյան, Ներսիսյան, բայց, քանի որ ես նրանց ժամանակ ծնված չեմ եղել, չեմ կարող հասկանալ նրանց: Մանկատանը մտածում էի, թե լավ է, այս մարդը նամակը բերեց ինձ հասցրեց, բայց ի՞նչ իմանայի, որ «սեւ թուղթ» չկար: Բայց լավ է, այն ժամանակ էդ հոգեկան ապրումներից պրծա` ինքը բերեց, հասցրեց նամակը: [b]-Գագիկ, անշուշտ շատերին կհետաքրքրի, թե մեկենասության համար միջոցները որտեղի՞ց ես հայթայթում:[/b] -Երբ Վահան Տերյանի գիրքը լույս տեսավ իմ հովանավորությամբ, շատերն հենց այդ մասին էին խոսում` յա՜, էս ի՞նչ է անում, ֆլան-ֆստան, իրենց մուրը` իրենց գլուխը: Ինձ համար ժողովրդի կարծիքն է հետաքրքիր: Նախ` հովանավորել եմ նրա համար, որ պոետի ծոռը` Գեւորգ Էմին- Տերյանը, ով նաեւ իմ ընկերն է, հսկայական աշխատանք է կատարել: Տասը տարուց ավել աշխատել է դրա վրա: Հիմա ասեմ, թե որտեղից միջոցները: ԱՄՆ-ում իմ նյութերը հրատարակվում են «24 ժամ Շամշյանի հետ» թերթում, եւ ես դրանից հոնորարներ եմ ստանում: Այնպես չէ, որ ես այդ նյութերի համար հատուկ ժամանակ եմ ծախսում` իրենք «shamshyan com»-ից դրանք վերցնում, դնում են թերթում: Այդ գումարը կուտակվում է, եւ ես այն տալիս եմ գրահրատարակման գործի համար: Հիմա նաեւ նպատակ եմ դրել, որ Տերյանի անտիպ գործերի երկրորդ գիրքը տպագրենք Գեւորգի հետ: Եւ կարծում եմ, որ դա է մնայուն արժեքը: Մենք բոլորս մեռնելուց ի՞նչ ենք տանելու` չորս հատ փետ, ութ հատ մեխ, թեպետ հիմա մեր պատգամավորները պայքարում են, որպեսզի դիակիզեն հանգուցյալներին, դե, ուրեմն` մոխիր ենք տանելու հետներս: [url=http://www.asparez.am/news-hy/gagik_shamshayn-hy/#.Vcd1NoMhHWM.facebook]Զրուցեց Սամվել Հունանյանը[/url]

Նմանատիպ նյութեր