211652_close_icon
views-count1974 դիտում article-date 18:57 20-08-2015

Գեղարքունիքում կարտոֆիլի բարձր բերք է սպասվում. նախարար Կարապետյանն այսօր մարզում շրջայց է կատարել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ` գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով: Նախարարը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ մի շարք համայքներում դիտարկել է կարտոֆիլի ցանքատարածությունները: Սոթք համայնքում 80 հեկտար տարածքի վրա միջահաս և վաղահաս կարտոֆիլի ցանք է կատարվել, բերքահավաքը նախատեսում են սկսել 1-2 օրից, բերքատվությունը նախորդ տարվանից բարձր է. ընդհանուր առմամբ հեկտարից 50-70 տոննա բերք է ակնկալվում ստանալ: Իրացման խնդիր չունեն, այս պահին կարտոֆիլը գնում են անմիջապես դաշտից 160 դրամով, սպառումը տեղական շուկայում է կազմակերպվում: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանի խոսքով` միջահաս կարտոֆիլի մասսայական բերքահավաքը կմեկնարկի մոտ 15-20 օրից: Պաշտոնյան նշել է, որ անցյալ տարվա համեմատ ընդհանուր առմամբ շուրջ 10 տոկոս ավել բերքն են ակնկալում ստանալ: Իրացման խնդիր չի առաջանա, գեղարքունյաց կարտոֆիլը շուտով կուղևորվի նաև ԵՏՄշուկա: Շատվան համայնքում նախարարը եղել է Սմբատ Գյուլիջանյանին պատկանող ագարակում: Ֆերմերը գազարի մշակությամբ է զբաղվում, այս տարվա բերքատվությունից գոհ է, ակնկալիքները շուրջ 30 տոննայի սահմաններում են: Վարդենիկ գյուղից Հարություն Մկոյանը մոտ 30 հեկտարի վրա է կարտոֆիլ մշակում, ցանքը կատարել է Գերմանիայից ներմուծված տնկանյութերով: Գարնանային կարկտահարությունը վարդենիկցիներին այս տարի չի շրջանցել, սակայն հետևողական աշխատանքների շնորհիվ կարողացել են նվազագույնի հասցնել բերքի կորուստը: Այցի շրջանակում նախարարը եղել է նաև Մեծ Մասրիկ համայնքում, որտեղ կարտոֆիլի ցանքատարածությունները շուրջ 30 հա տարածք են զբաղեցնում: «Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական աշխատանքները մարզում բավականին լավ են կազմակերպված: Նախորդ տարվա համեմատ շուրջ 1450 հեկտարով ավելացել են կարտոֆիլի ցանքատարածությունները: Չնայած գարնանային կարկտահարությունը որոշ համայնքների վնաս էր հասցրել, սակայն այսօրվա շրջայցը փաստեց, որ նաև գյուղացիների քրտաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել ցանքերը: Այս տարի Գեղարքունիքի մարզում հատկապես կարտոֆիլի բարձր բերք է սպասվում»,- ամփոփելով այցի արդյունքները` իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը: Նախարարի խոսքով` ընդհանուր առմամբ գյուղատնտեսական աշխատանքները հանրապետությունում ընթանում են բնականոն հունով: Պատշաճ կազմակերպվում է արտահանման և մթերումների գործընթացը: Շուտով կսկսվի խաղողի բերքահավաքը և նախարարությունն աշխատանքներ է տանում վերամշակող ընկերությունների հետ, որպեսզի մթերումների հետ կապված խնդիրներ չծագեն: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին հավելել է, որ ավանդաբար Գեղարքունիքն ապահովել է հանրապետության կարտոֆիլի ամբողջ պահանջարկի շուրջ 50 տոկոսը, այս տարի շուրջ 10 տոկոսով մարզում ավելացել են կարտոֆիլի ցանքատարածությունները, հեկտարից 400-450 ց բերք կհավաքեն: Արդյունքում՝ Գեղարքունիքի կարտոֆիլը ոչ միայն տեղական շուկայի պահանջարկը կբավարարի, այլև կարտահանվի: Մարզպետի խոսքով՝ բարձր բերք ստանալու նպատակով գյուղացիական տնտեսություններն այժմ կարտոֆիլի մշակության մեջ նոր տեխնոլոգիաներ են կիրառում, փորձարկում են արտերկրից ներկրված սերմացուներ, միևնույն ժամանակ զուգահեռ սկսել են զբաղվել նաև այլ մշակաբույսերի՝ կաղամբի, գազարի, ճակնդեղի մշակությամբ:

Նմանատիպ նյութեր