211652_close_icon
views-count1388 դիտում article-date 11:22 11-09-2015

Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում

Սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցելությամբ Լոնդոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթ ունեցավ Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (@Chatham House)։ Նախարարի ելույթին ներկա էին բրիտանացի և օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ և փորձագետներ, լրագրողներ։ Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։ Նախարար Նալբանդյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Հաճելի է վերադառնալ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ: Շնորհակալություն եմ հայտնում հրավերի և Հայաստանի ու տարածաշրջանի առջև ծառացած արտաքին քաղաքական որոշ մարտահրավերների շուրջ այս հարգարժան լսարանի առջև ելույթ ունենալու հնարավորության համար: Միջազգային հանրության ուշադրությունն այսօր սևեռված է Մերձավոր Արևելքում և դրա շուրջ հակամարտությունների, ճգնաժամերի, ահաբեկչական ցանցերի տարածման և նրանց պատճառած ավերածությունների վրա: Ուկրաինական ճգնաժամը, անկայունությունը երկրագնդի շատ այլ հատվածներում ցույց են տալիս, որ աշխարհն անցնում է ցնցումների միջով: Երեկ, երբ ես Փարիզից Լոնդոն էի գալիս, Եվրոսթար գնացքը հարկադրված էր շուրջ երկու ժամ կանգ առնել՝ կապված փախստականների հետ առնչվող իրավիճակի հետ: Այն, ինչ կատարվում է հազարավոր մղոններ հեռու, թակում է Եվրոպայի դռները: Մենք այլևս չենք կարող խոսել մեկուսացված խնդիրների մասին: Հակամարտությունների և ավերիչ պատերազմների վաղ ահազանգումը և կանխարգելումը պետք է մշտապես առաջնայնություն լինեն ոչ միայն նրանց համար, ում դրանք անմիջականորեն առնչվում են, այլ նաև ողջ միջազգային հանրության համար: Հայ ժողովուրդը դարեր շարունակ եղել է Մերձավոր Արևելքի մշակութային բազմազանության ուրույն մասնիկներից մեկը: Մենք երախտապարտ ենք այս տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր մեկ դար առաջ ապաստան տվեցին Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին: Այժմ, երբ վտանգված է տարածաշրջանի ժողովուրդների կյանքը, էթնիկ ու կրոնական համայնքների գոյությունը, մեր բարոյական պարտքն է կանգնել նրանց կողքին։ Այս բռնություններից անմասն չեն մնացել նաև մեր հայրենակիցները, որոնցից շատերը ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել, ավերվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, մշակութային ու կրթական հաստատություններ: Ինչպես հարյուր տարի առաջ, տասնյակ հազարավոր հայեր՝ Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, այսօր ևս ստիպված բռնել են գաղթի ճամփան: Միայն Սիրիայից շուրջ 15 հազար հայեր ապաստան են գտել Հայաստանում: Պատահական չէ, որ ահաբեկչական խմբավորումները պատերազմ են հայտարարել այս տարածաշրջանի ժողովուրդների մշակութային ժառանգության դեմ: Պատմության և հավաքական հիշողության միջոցով են սերունդներին փոխանցվում այն համամարդկային արժեքները, որոնց վրա խարսխվում է քաղաքակրթությունը, հանդուրժողականությունը, համակեցությունը, հարգանքը այլոց մշակույթի և կրոնի նկատմամբ: Արժեքներ, որոնք հակադրվում են ահաբեկիչների կողմից քարոզվող այլատյացության և խտրականության գաղափարախոսություններին: Բազմաթիվ իսլամական սրբավայրերի, հնամյա Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների ավերումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են: Անհապաղ կերպով պետք է մշակվեն մեխանիզմներ՝ զրկելու համար ահաբեկիչներին միջոցներից, ֆինանսական աղբյուրներից, խոչընդոտելով օտարերկրյա գրոհայինների ներհոսքը` թույլ չտալ հարևան երկրների տարածքների օգտագործումը անդրսահմանային հարձակումների համար։ Միջազգային իրավունքը պատասխանատվություն է սահմանում ոչ միայն մարդկության դեմ հանցագործությունների իրագործման, այլև՝ հանցակցության համար, և այս իրողությունը երբևէ չպետք է մոռանան նրանք, ովքեր փորձում են ժխտել և արդարացումներ փնտրել անցյալի ոճրագործությունների համար և խրախուսում են ներկայիս բռնությունները: Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչման միջոցառումները հսկայական միջազգային ուշադրության արժանացան: Այստեղ՝ Բրիտանիայում ևս, առաջատար լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը: 1929թ. Ուինսթոն Չերչիլը հայկական կոտորածները բնորոշել է որպես «հոլոքոստ» և հավելել. «այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել է քաղաքական դրդապատճառներով: Ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից»: Բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին իր 1915թ. զեկույցը վերնագրել էր՝ «Ազգի սպանությունը» և այն անվանել «հայկական ռասայի կազմակերպված ոչնչացում»: Այն, ինչ կատարվում է այսօր Մերձավոր Արևելքում, հիշեցնում է Հայոց ցեղասպանության սարսափը: 1915թ. հայերին բռնահանում էին դեպի այն անապատները, որտեղ այսօր իրականցվում են այսպես կոչված «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունները, որտեղ ոչնչացվում են եզդիները, քրիստոնյաները, այլ փոքրամասնություններ և հնագույն քաղաքակրթությունների հետքերը: 1894-96թթ. հայերի դեմ կատարված ոճրագործությունների նկատմամբ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը և անպատժելիությունը հանգեցրին 1915թ. Ցեղասպանությանը: 1915թ. մայիսի 24-ին դաշնակից երկրները` Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ընդունեցին հատուկ հռչակագիր, որը հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործություն իրականացնողներին նախազգուշացնում էր, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն «Թուրքիայի կողմից իրականացված մարդկության և քաղաքակրթության նկատմամբ այս նոր հանցագործությունների համար»: Այնուամենայնիվ, դա ուշացած փորձ էր` կանխելու այն, ինչը պիտի կանխվեր շատ ավելի վաղ: 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին վաղ նախազգուշացման մեխանիզմների և կանխարգելման ջանքերի ձախողման պատճառով: Մենք` հայերս, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն վերապրածներ, բարոյական պատասխանատվություն ենք զգում մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում: Մենք ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ենք նախաձեռնում, պարբերական միջազգային համաժողովներ կազմակերպում և վճռական ենք տրամադրված` մեծացնելու մեր ներդրումը ցեղասպանության կանխարգելման միջազգային հանրության ջանքերում: Դժբախտաբար, այս տարի նշվեց ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այլև` թուրքական ժխտողականության 100-րդ տարին: Ես կցանկանայի առանձնահատուկ հիշատակել այս տարի ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի տպավորիչ խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»: Ցեղասպանությունները պատշաճ կերպով չճանաչելը հնարավորություն է ստեղծում նոր ցեղասպանությունների իրականացման համար: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներով և հարթություններով: Այն ոչ միայն վերահաստատվում է Ցեղասպանությունը ճանաչած երկրների կողմից, այլև նորանոր երկրներ են միանում այս գործընթացին: 2014թ. վերջից ի վեր Բոլիվիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Չիլիի, Բրազիլիայի խորհրդարանները հատուկ բանաձևեր են ընդունել: Նրանց միացել են Եվրախորհրդարանը, Լատինամերիկյան խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլն: Ես կցանկանայի հատուկ ընդգծել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահի խիզախ հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին, այլև խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի ունեցած պատասխանատվության բաժնի մասին: Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Երևանում ավելի քան 60 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ միացան հայ ժողովրդին՝ կիսելով ոչ միայն մեկ ազգի, այլև` ողջ մարդկության ողբերգությունը և ցավը: Սա ևս մեկ կորսված հնարավորություն էր թուրքական ղեկավարության համար, որը հրավիրված էր մասնակցելու հիշատակի այդ միջոցառումներին: Այս կապակցությամբ Հայաստանի Նախագահի կողմից Թուրքիայի ղեկավարին ուղղված՝ Երևան այցելելու հրավերը անձամբ եմ Անկարայում հանձնել Թուրքիայի Նախագահին: Դա ոչ միայն բաց թողնված հնարավորություն էր, այլ հենց այդ նույն օրը Թուրքիայի ղեկավարությունը կազմակերպեց Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման միջոցառումները՝ ակնհայտորեն ձախողված փորձ կատարելով շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից։ Տիկնայք և պարոնայք, Խնդիրներին, որոնց բախվում է մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, կարող է աշխարհի տարբեր ծայրերում վերլուծաբանների համար նվազ տեսանելի թվալ, բայց դա չպետք է մոլորեցնի որևէ մեկին: Տարածաշրջանը բավական երկար ժամանակ աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ է եղել, ինչը թողել է չսպիացող վերքեր: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է: Մի քանի ամիս առաջ այստեղ՝ Չաթըմ հաուսում, հիանալի հնարավորություն էր ստեղծվել այս խնդրի վերաբերյալ առաջին ձեռքից՝ Լեռնային Ղարաբաղի Նախագահի կողմից տեղեկություններ ստանալու համար: Ավելորդ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի մոտեցումները հակամարտության կարգավորման համար կենսական նշանակություն ունեն: Հայաստանը շարունակում է միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ ջանքեր գործադրել՝ հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը հասնելու համար: Համանախագահները միասնական մոտեցում ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Սա միջազգային հարաբերությունների ներկա խառնաշփոթում եզակի օրինակ է, երբ այս երկրները մեկ հարցի վերաբերյալ միասնական մոտեցում են որդեգրել: Մենք հաստատակամորեն սատարում ենք միջազգային հանրության այն տեսակետը, որ հակամարտության կարգավորման համար բանակցությունները, փոխզիջումները և մեր հասարակություններին խաղաղության նախապատրաստելը այլընտրանք չունեն: Համանախագահ երկրները բազմաթիվ առիթներով ուրվագծել են իրենց առաջարկները, որոնցից ամենանշանակալիներն են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների 2009թ.-ից ի վեր արված հինգ հայտարարությունները: Այդ առաջարկներն ավելի հայտնի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքներ անվամբ և բաղկացած են միջազգային իրավունքի երեք սկզբունքներից՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Համանախագահների առաջարկությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լիակատար իրավունք է ընձեռում՝ որոշելու իր ապագա կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Հայաստանն իր պատրաստակամությունն է արտահայտել՝ առաջ շարժվելու այս սկզբունքների հիման վրա: Խաղաղության գործընթացում առաջընթաց չգրանցելու պատճառը Ադրբեջանի կողմից համանախագահ երկրների առաջարկների մերժումն է: Բաքվի կողմից հրադադարի շարունակական խախտումները Հայաստանի հետ սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը շարունակում է խաթարել հակամարտության կարգավորման գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ վտանգելով միջնորդների կողմից նախաձեռնված առաջիկա հանդիպումները: Այս տարվա հունիսին Բաքվում տեղի ունեցած եվրոպական խաղերի ընթացքում Ադրբեջանը հիմնականում ձեռնպահ մնաց հրադադարի ռեժիմի խախտումներից, քանի որ նրանք շահագրգռված էին այդ ժամանակահատվածում հակամարտության գոտում հանդարտության պահպանման մեջ: Իրավիճակը կտրուկ փոխվեց խաղերից անմիջապես հետո, երբ Ադրբեջանը գնաց հրադադարի խախտումների կտրուկ աճի: Փաստացի, Ադրբեջանն իր այս գործողություններով ևս մեկ անգամ հստակ ցույց տվեց, թե որ կողմն է պատասխանատու իրավիճակի սրման համար: Բաքուն նույնիսկ հարկ չի համարում քողարկել իր ռազմատենչ վարքագիծը: Ադրբեջանը շարունակում է զինվել՝ մեկ տասնամյակի ընթացքում ավելացնելով իր ռազմական բյուջեն մոտ 30 անգամ: Քանի դեռ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները չեն սանձվել, խաղաղ բանակցություններում դժվար է իրական առաջընթաց ակնկալել: Շփման գծի երկայնով միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող է ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները: Մինչ միջազգային հանրությունը խոսում է հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանը պաշտոնական մակարդակով շարունակում է հայատյաց իր քաղաքականությունը: Աղաղակող նմանություն կա ադրբեջանական բանակի կողմից Նախիջևանում հազարավոր հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման և պատմական Պալմիրայում 2000 տարվա հնություն ունեցող հուշարձանների ավերման միջև: Հուշարձանների միտումնավոր ոչնչացումը, լինի դա Սիրիայում, թե Նախիջևանում, քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն է: Ավտորիտարիզմից դեպի բռնապետություն ընկած ճանապարհը փոխկապակցված է լարվածության սրման հետ, որով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մոլորեցնել, շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումներից: Ավտորիտարիզմի անկյունաքարը ատելությունն է: Հարևանի նկատմամբ թշնամանքի քարոզումը նման ռեժիմների ամենաընդունված մեթոդներից մեկն է, որն իր նկատմամբ հնազանդությունն ամրապնդելու համար պատժում է մտավորականության և քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների այն ներկայացուցիչներին, որոնք համարձակվում են խոսել ռեժիմի դեմ և հանդես են գալիս խաղաղության ու հաշտեցման օգտին: Պատահական չէ, որ նրանցից շատերը Ադրբեջանում ազատազրկման են ենթարկվել՝ Հայաստանի շահերին ծառայելու մեղադրանքներով: Հայերի նկատմամբ այլատյացությունը տասնամյակներ շարունակ Ադրբեջանում գերիշխող հռետորաբանություն է և պետության կողմից հովանավորվող քաղաքականություն: Հայտարարելով, որ Հայաստանը գտնվում է պատմական ադրբեջանական հողերի վրա, այդ երկրի նախագահը Ադրբեջանի «թիվ մեկ» թշնամի է հռչակել ողջ աշխարհի հայերին: Տիկնայք և պարոնայք, Ես կցանկանայի մի քանի խոսք ավելացնել Միացյալ Թագավորություն իմ ներկա այցի վերաբերյալ: Ես այստեղ՝ Լոնդոնում եմ իմ գործընկեր` արտաքին գործերի քարտուղար պարոն Ֆիլիպ Համմոնդի հրավերով, ում հետ երեկ բովանդակալից հանդիպում եմ ունեցել: Ես նաև հանդիպել եմ Եվրոպայի հարցերով նախարար պարոն Դեյվիդ Լիդինգթոնին, իսկ ավելի ուշ հանդիպում եմ ունենալու մշակույթի հարցերով պետքարտուղար պարոն Ջոն Ուիթինգդեյլի հետ: Իմ բրիտանացի գործընկերների հետ մենք շարունակում ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում հայ-բրիտանական համագործակցության հետագա խթանմանն ուղղված ջանքերի վերաբերյալ քննարկումները: Մեր երկկողմ հարաբերությունները մենք կառուցում ու զարգացնում ենք դարերի պատմություն ունեցող ամուր հիմքերի վրա: Հայտնի է, որ Լորդ Բայրոնը Հայաստանը նկարագրում էր իբրև երկրագնդի ամենահետաքրքիր երկրներից մեկը: Մենք շարունակելու ենք ջանքերն՝ ուղղված հարաբերությունների ամրապնդմանը ոչ միայն որպես մեկը մյուսով հետաքրքրված երկրներ, այլ նաև՝ որպես լավ գործընկերներ»:

Նմանատիպ նյութեր