211652_close_icon
views-count1782 դիտում article-date 20:10 16-10-2015

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Վ.Պերմյակովին առաջադրվել է նոր մեղադրանք և հայտարարվել նախաքննության ավարտի մասին

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով այսօր նոր մեղադրանք է առաջադրվել Վ.Պերմյակովին։ Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով, 5,45մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով 2015 թվականի հունվարի 12-ին իրականացրել է պահակային ծառայություն։ Ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստ, գումար հայթայթելու նպատակով շրջել Գյումրի քաղաքում: Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ` դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի 1283689 համարի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին։ Այնուհետև մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, այն է՝ ունենալով երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ, վերը նկարագրված եղանակով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու փոխարեն՝ ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում, անօգնական վիճակում գտնվող վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգաններին, որոնց հետևանքով մանկահասակ երեխան հիվանդանոցում յոթ օր անց մահացել է: Նախնական քննության տվյալներով՝ Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով նույն տնից հափշտակել է սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, «NOKIA 302», «NOKIA 6300», «NOKIA 7260» տեսակի բջջային հեռախոսներ, 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դեպքի վայրից հեռացել: Այնուհետև Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ՝ նա, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի հատված։ Տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով՝ ժամը 17-ի սահմաններում, գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, հետ վերադարձել՝ պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում՝ գիշերը, ապօրինի հատել սահմանը: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նույն օրը՝ ժամը 24-ի սահմաններում, նա փորձել է ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամիքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին՝ ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 16-ին Վ.Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Վ.Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։ Նույն օրը քննիչը մեղադրյալին հայտարարել է նախաքննության ավարտի մասին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր