211652_close_icon
views-count1765 դիտում article-date 23:00 23-10-2015

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողություն Ֆրանսիայի Տուլոն քաղաքում

Հոկտեմբերի 23-ին, Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցավ Մուսա լեռան հաղթական հերոսամարտի 100-ամյակին նվիրված` ֆրանսահայ գեղանկարիչ, քանդակագործ հայր և որդի` Ժերայր ու Դավիդ Փամբուկչյանների համատեղ ստեղծած հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը բացվեց ի երախտագիտություն ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմի ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին, փոխծովակալ Գաբրիել Դարիոյին և «Գիշեն» մարտանավի նավապետ Բրիսոնին, ովքեր 1915թ.-ի սեպտեմբերի 12-13-ին «Ֆուտր», «Տ՚եսթրե», «Գիշեն», «Ադմիրալ Շարնե» և «Տեսո» մարտանավերի վրա վերցնելով 4100 մուսալեռցիների, փրկեցին վերջիններիս կյանքը: Միջոցառումը կազմակերպվել էր Տուլոնի շրջանի հայ-ֆրանսիական «Ապրիս» կազմակերպությունը, «Վետերանների և դիմադրության շարժման հայ մարտիկների» հայկական կազմակերպությունների կողմից` Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցեցին Միջերկրական ռազմածովային բազայի պրեֆե, փոխծովակալ Իվ Ժոլին, Տուլոնի սենատոր-քաղաքապետ Հուբեր Ֆալկոն, ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, ԱԺ պատգամավոր-փոխքաղաքապետ Ժենեվիեվ Լեվին բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում բանախոսները նշեցին, որ մուսալեռցիների տարհանման և փրկության գործում անգնահատելի էր հատկապես ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեի դերը: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից։

Նմանատիպ նյութեր