211652_close_icon
views-count2515 դիտում article-date 13:06 02-11-2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. 2016-ի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն.

2016 թվականի պետական բյուջեն եւս ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիմելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության եւ կայունության դրույթները: Ինչպես նշել եմ նաեւ նախկինում, անկախ տարաբնույթ տնտեսական զարգացումներից՝ ներկայացված հաշվարկների համաձայն ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն: 2016 թվականի պետական բյուջեն եւս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային եւ առողջապահության բնագավառների ծախսերը: Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության ապահովման համար ծախսերը նախատեսված են այս ոլորտներում մեր կենսունակությունն ամրապնդելու եւ պահպանելու տրամաբանությամբ: Շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը: Հարկաբյուջետային ոլորտի զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են մի բանի մասին՝ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների եւ լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի եւ հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է: Բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ եւ միջազգային կառույցներ 2015 թվականի զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009 թվականների միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Էներգակիրների գների կտրուկ տատանումներով պայմանավորված տարադրամային տատանումները Ռուսաստանի Դաշնությունում բերեցին տարածաշրջանային երկրներ տրանսֆերների զգալի անկման: Նման անկումն էապես դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծախսերն առավել բարձր արդյունավետությամբ իրականացնելու հրամայականը: Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունում 9 ամիսների ընթացքում գրանցված շուրջ 3.6 տոկոս տնտեսական աճը մեր մոտեցման արտացոլումն է՝ արտաքին պայմանների նման վատթարացման դեպքում հանրային բարեկեցության մեր միակ ճանապարհը ներդրումների խթանման եւ տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է: Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատեւ կայուն աճի նախադրյալներ: Տնտեսական աճի տեմպերի այսպիսի նվազման պայմաններում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրով նախանշված կառավարման եւ կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ գործարար միջավայրի համար խիստ կարեւոր է հարկաբյուջետային կայունությունը՝ թե՛ նոր մուտքեր ապահովելու, թե՛ հին մուտքերը կանոնակարգելու, թե՛ բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու տեսակետից: Այս առումով բացարձակ կարեւորություն է ստանում Հայաստանի Հանրապետության նոր Հարկային օրենսգրքի քննարկումը եւ ընդունումը: Այս օրինագծի մշակման ժամանակ ես Ֆինանսների նախարարությանը տվել եմ ուղղորդող ցուցումներ: Որո՞նք են այդ ցուցումները. • Նախատեսել երկարաժամկետ աճի խթանում` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա: • Երկրի մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա: • Որպես հիմնադրույթ հարկ է ընդունել բյուջեի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կայունությունը: Կատարվող բարեփոխումները բոլոր ժամանակահատվածներում պետք է բերեն բյուջեի եկամուտների ավելացման՝ որպես առաջնային ռեսուրս դիտարկելով հարկահավաքման արդյունավետության բարձրացումը եւ հարկատուների համար պայմանների դյուրացումը: • Նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով, սակայն միայն այն դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին` փոխհատուցելով գների հնարավոր աճը: Ապահովել վերոնշյալ բարեփոխումների միմյանց հետ ոչ միաժամանակ իրականացումը կարեւորագույն սոցիալական ոլորտներում: • Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-5 տարվա ընթացքում` հարկային համակարգում կայունություն եւ սահունություն ապահովելու նպատակով: • Առավել արդարացի հարկման ապահովման նպատակով նախատեսել հարկային մեխանիզմների եւ վարչարարության աստիճանական բարդացում: Այդ սկզբունքների հիման վրա Ֆինանսների նախարարությունը մշակել է Հարկային օրենսգրքի այն տարբերակը, որը Կառավարությունը դրել է շրջանառության մեջ: Այժմ մեր բոլոր գերատեսչություններն ու նախարարություններն ակտիվորեն քննարկում են այդ փաստաթուղթը հանրության բոլոր հատվածների հետ: Թեեւ օրենսգրքի վերջնական տարբերակը դեռեւս կներկայացվի Ազգային ժողովի դատին, որտեղ ակնկալում ենք շահագրգիռ քննարկումներ, այս պահից արդեն հրավիրում ենք պատգամավորներին նաեւ այս փուլում ակտիվ քննարկման Հարկային օրենսգրքի եւ հարակից նախաձեռնությունների շուրջ: Բյուջեի քննարկումն այն հարթակն է, որի միջոցով կառավարությունը համակարգված եւ համալիր կերպով քննարկում է իր գործունեությունը, ստանում արդյունավետ հետադարձ կապ, ընդունում ճշգրտող որոշումներ: Ինչպես նշել եմ նախկինում, մենք նայում ենք խնդիրներին ոչ թե այսօրեական շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսակետից եւ հնարավորի սահմաններում ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից: Հուսով եմ, որ հանձնաժողովներում քննարկումները եւս կընթանան այս տրամաբանությամբ, եւ երկխոսության արդյունքում մենք կհասնենք ճիշտ եւ արդյունավետ լուծումների: Ակնկալում ենք ձեր անմիջական աջակցությունը: Շնորհակալություն»:

Նմանատիպ նյութեր