211652_close_icon
views-count903 դիտում article-date 15:37 02-11-2015

Հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 11.9 մլրդ դրամ. ՀՀ Ֆիննախ

ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության վարչությունը ընթացիկ տարվա ինն ամիսներին իրականացված հսկողական 2600 միջոցառումների արդյունքում արձանագրվել է 11.9 մլրդ դրամ պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար, որից, հոկտեմբերի 1-ի դրությամբ, վերականգնվել է 2.2 մլրդ-ը: Ամփոփելով ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքները, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանը տեղեկացրել է, որ հսկողական աշխատանքների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 685-ով. «Օպերատիվ հետախուզության վարչությունը 2015 թվականի 9 ամիսներին իրավապահ մարմինների պահանջով, ինչպես նաև հարկային ծառայության այլ ստորաբաժանումների հետ համատեղ, իրականացրել է պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 551 ստուգում, արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 11.1 մլրդ դրամ, որից միայն 20 ստուգումով հայտնաբերվել է 3.5 մլրդ դրամ լրացուցիչ վճարման ենթակա գումար»: Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում Ֆինանսների նախարարությունը շարունակել է տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորման նկատմամբ հսկողության ապահովումը. «Ընթացիկ տարվա 9 ամիսներին ուղեկցող փաստաթղթերի հետ կապված խախտումների հայտնաբերման նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական 1582 միջոցառմամբ` առաջադրվել է պետբյուջե վճարման ենթակա 630 մլն դրամ լրացուցիչ գումար, որի 95 տոկոսն արդեն իսկ վերականգնված է»: Աշոտ Զաքարյանի տեղեկացմամբ՝ հարկային ծառայության ստորաբաժանումների համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում հարկային հաշիվ դուրս գրելու իրավասություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից 2015թ-ի 9 ամիսներին դուրս է գրվել շուրջ 8 միլիոն հարկային հաշիվ, որոնցում արտացոլված ապրանքների արժեքը կազմել է մոտ 1.5 տրիլիոն դրամ. «Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 867.000-ով, իսկ դրանցում առանձնացված գումարն ավելացել է 23.1 մլրդ դրամով»: Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով Օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական 177 միջոցառում, որոնց արդյունքում կազմվել են 103.2 մլն դրամի վարչական ակտեր: Հայտնաբերվել է նաև առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 10 դեպք. առաջադրվել է պետբյուջե վճարման ենթակա 8.1 մլն դրամ: Աշոտ Զաքարյանի խոսքով, իրավապահ մարմիններից, երրորդ անձանցից և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա ՕՀ վարչությունը 2015թ-ի 9 ամիսներին իրականացրել է 360 մասնակի ստուգում, 34 չափագրում, չգրանցված աշխատողի հայտնաբերման 140 ստուգում, 5 հսկիչ գնում, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության 103 ստուգում և հսկողական այլ միջոցառումներ: Օպերատիվ-հետախուզական 123 միջոցառումների արդյունքում ձեռք բերված, ինչպես նաև հավաքագրված տեղեկությունների հիման վրա քննչական մարմիններին ընթացիկ տարվա 9 ամիսներին ուղարկվել է 428 նյութ, որից 13-ի մասով հարուցվել են քրեական գործեր: ՕՀՎ 4-րդ բաժնի պետի տեղեկացմամբ, դրոշմավորման կանոնների պահպանման ճշտությունը ստուգելու նպատակով Օպերատիվ հետախուզության վարչությունը 2015թ.-ի 3-րդ եռամսյակից սկսած իրականացնում է ՕՀ միջոցառումներ և ստուգումներ հանրապետության ամբողջ տարածքում. «Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ վաճառվող ավելի քան 11000 ապրանք: Խախտումների տիպային օրինակներ են մեծ տարրայի վրա փոքրի համար նախատեսված դրոշմապիտակ փակցնելը կամ այլ ապրանքի համար նախատեսվածով դրոշմավորելը»: [b]ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր