211652_close_icon
views-count1688 դիտում article-date 21:35 16-11-2015

Առավել կխստացվի հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև համապատասխան պետական ու մասնավոր կառույցներին, հասարակական կազմակերպություններին և բոլոր համաքաղաքացիներին՝ նոյեմբերի 14-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակը հավուր պատշաճի կազմակերպելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Համաքաղաքային ծառատունկի շրջանակում վարչական բոլոր շրջաններում տնկվել է 8 հազար ծառ և թուփ, ևս 7000-ը տնկվել էր նախորդած օրերին: Իսկ աշնանային ծառատունկի շրջանակում նախատեսված է ընդհանուր առմամբ տնկել շուրջ 20000: Զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններում շարունակվում են ծառերի էտման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տվյալ աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակել ծառատունկն ու շաբաթօրյակները: «Անշուշտ ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակների մասնակիցների թիվը և մասնակցության ակտիվությունը: Սա իր հերթին նշանակում է, որ մեր համաքաղաքացիներն ավելի սրտացավ ու հոգատար են դառնում քաղաքի հանդեպ: Նման վերաբերմունքը ողջունելով՝ մեր համաքաղաքացիներին պետք է մշտապես ներգրավել քաղաքային ծրագրերի իրականացման գործընթացում: Ժամանակը ապացուցել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնցում իրենց մասնակցությունն ունեն նաև մեր բնակիչները, այդ թվում նաև կատարվող աշխատանքները վերահսկելու առումով, շատ ավելի արդյունավետ են: Ծառերի էտի դեպքում ևս մեր համաքաղաքացիների կողմից ներկայացված բոլոր հասցեներն ուսումնասիրեք և ձեռնարկեք համապատասխան քայլեր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հանձնարարել է նաև ստեղծել աշխատանքային խումբ, որը ուժեղ քամու հետևանքով ծառերի տապալման դեպքեր արձանագրելիս արագորեն կվերացնի դրա հետևանքները: Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 1 դեպքի մասով: 1 հասցեում իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 34 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ՝ կարճ ժամկետում վերականգնել քամու հետևանքով վնասված ճանապարհային նշանները: Բացի այդ, հաշվի առնելով վերջին օրերին նկատվող քամու ուժգնացումները, քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր այն շին հրապարակները, որտեղ առկա են վերամբարձ կռունկներ, և մասնագետների հետ միասին հավաստիանալ, որ ապահովված են տվյալ կռունկների աշխատանքի համար սահմանված անվտանգության նորմերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև տվյալ շինարարական կազմակերպությունների ղեկավարներին խստորեն նախազգուշացնել մշտապես հետևել վերամբարձ կռունկների աշխատանքի անվտանգության ապահովմանը: Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ հայտնաբերվել և համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել 9 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել խիստ հսկողության տակ: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 59 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են կրծողների դեմ պայքարի միջոցառումները: Զեկուցվել է, որ դեռատիզացիոն աշխատանքների շրջանակում հատուկ դեղանյութերով մշակվել են բազմաբնակարան շենքերի աղբախցերը, շքամուտքերի տարածքներն ու խնդրահարույց հատվածները: Ոչ բավարար գնահատելով կատարվող աշխատանքները՝ քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին այս հարցում լինել առավել խիստ և պահանջկոտ ծառայությունը մատուցող ընկերությունների նկատմամբ: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին նաև զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ապահովված է ջեռուցման համակարգերի անխափան շահագործումը:

Նմանատիպ նյութեր