211652_close_icon
views-count1323 դիտում article-date 14:51 21-11-2015

«Ինտեգրում կրթության միջոցով». Արմեն Աշոտյանը հանդես է եկել դասախոսությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ինտեգրում կրթության միջոցով» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Նախարարը նշել է, որ իր համար պատիվ է հանդես գալ դասախոսություններով, մասնավորապես, Ամերիկյան համալսարանում, քանի որ վերջինս ՀՀ առաջատար բուհերից մեկն է: Անդրադառնալով դասախոսության բուն թեմային, նախարարը նշել է, որ կրթությունը լավագույն միջոցն է՝ ցանկացած ինտեգրման համար: «Եկեք տեսնենք՝ որն է կրթության նշանակությունը համաշխարհային գործընթացներին Հայաստանի ինտեգրման համար, և որ տարածաշրջանն է կրթական առումով ավելի շահավետ Հայաստանի քաղաքացիների համար: ԱՊՀ-ի շրջանակներում կան կրթական ծրագրեր, բայց նաև հայտնի է, որ ԱՊՀ-ի ծրագրերը հնացած են և կարիք ունեն վերանայման: Ես դժվարությամբ կարող եմ հիշել վերջին տարիների ընթացքում համաշխարհային կրթական իրադարձություն, որը տեղի է ունեցել ԱՊՀ երկրներում: Հ այկական կրթական համակարգի հիմնական հարթակը եվրոպական բարձրագույն կրթական տարածքն է. այս տարի մենք նշում ենք Բոլոնյան գործընթացում մեր անդամակցության 10-ամյակը: Հենց սկզբից մենք փորձեցինք վերափոխել մեր կրթական համակարգը, որը ժառանգվել էր Խորհրդային Հայաստանից, և 2005 թվականից փորձ արեցինք ունենալ ազգային կրթական համակարգ, որը կհամապատասխաներ եվրոպական մրցակցային չափանիշներին: Դժվար էր ստեղծել մի կրթական համակարգ, որը կհամապատասխաներ ժողովրդի ազգային ու մշակութային սպասումներին և եվրոպական բարձր չափանիշներին: Չնայած բոլոր խոչընդոտներին և դժվարություններին, եվրոպական բարձրագույն կրթական տարածքում ընդգրկված լինելու շնորհիվ մենք հասանք հաջողության և ավարտեցինք կրթական բարեփոխումների առաջին փուլը: Իրականացրինք բոլոր այն կառուցվածքային փոփոխությունները Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում, որոնք հարկավոր էին եվրոպական կրթական տարածքին համապատասխանելու համար: Ներկայումս մենք ունենք եռաստիճան կրթական համակարգ, կրեդիտային համակարգ, ինստիտուցիոնալ որակավորման կենտրոններ ոչ միայն ազգային մակարդակով, այլ նաև համալսարանների: Ներկայումս մարտահրավեր է Հայաստանի համար՝ անցնել բովանդակային բարեփոխումների, փորձել վերանայել կրթական ծրագրերի բովանդակությունը ըստ եվրոպական չափանիշների և դրանք համապատասխանեցնել հասարակության և քաղաքացիների պահանջներին: Կրթության դերը, ընդհանրապես, թերագնահատվում է քաղաքական գործընթացներում: Իմ կարծիքով, կրթությունը լավագույն գործիքն է՝ մարդկանց իրար կապելու տեսանկյունից: Կրթությունը մարդ-մարդ կոնտակտի լավագույն հարթակն է: Ցանկացած քաղաքական և գեոքաղաքական գործընթաց կարող է դառնալ հաջողված, որովհետև նախևառաջ այն լավ հնարավորություն է միջմշակութային փոխանակման և հրաշալի գործիք՝ մարդկային հարաբերությունների և վստահության կառուցման համար: Ահա ինչու, ես կարծում եմ, որ Եվրոպական Միությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը և գիտական ծրագրերին Արևելյան Գործընկերության երկրներում: Ինչպես գիտեք, 2014 թվականից մեկնարկել է ԵՄ նոր կրթական ծրագիր՝ Էրազմուս+: Հաջորդ կարևոր ծրագիրը Հորիզոն-2020 ծրագիրն է՝ գիտական հարթակ, որը թույլ կտա հայ գիտնականներին և հետազոտողներին դառնալ Եվրոպական հետազոտողների միության անդամ: 2016 թվականից Հայաստանը պաշտոնապես կմիանա Հորիզոն-2020-ին՝ որպես լիարժեք անդամ, իսկ դա նշանակում է, որ հայ գիտնականները մրցունակ լինելու դեպքում կստանան ֆինանսական աջակցություն և Եվրոպայում կկարողանան գտնել գործընկերներ: Երբ մենք խոսում ենք ապագայի մասին, շատ կարևոր է հասկանալ, որ Հայաստանը երբեք չի փոխի իր տեղը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում: Հայաստանը միակ ոչ ԵՄ անդամ երկիրն է, որը ստանձնել էր Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը 3 տարով և Բոլոնիայի նախարարական գագաթաժողովն անցկացրել Երևանում: Այսպիսով, շատ կարևոր է հասկանալ, որ Բոլոնիայի գործընթացի քաղաքակրթական ընտրությունը Հայաստանի կրթական համակարգի համար ոչ միայն կրթական չափանիշների խնդիր է, այլ նաև արժեքների: Կարծում եմ՝ ձեզ կարող է հետաքրքրել ԵՏՄ-ի անդամակցության կրթական հեռանկարները: Այս պահին ԵՏՄ-ն չունի կրթական համակարգ: Սակայն կան կետեր, որոնք պարտադրում են անդամ երկրներին ավտոմատ ընդունել ավարտական դիպլոմները և գիտական աստիճանները (բացառություն է կազմում բժշկական, մանկավարժական և իրավաբանական կրթությունը): Այսպիսով, ընդհանուր տնտեսությունը թելադրում է ընդանուր աշխատանքային շուկան, իսկ ընդանուր աշխատանքային շուկան պարտադրում է ունենալ ընդանուր կրթական հարթակ: Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե ԵՏՄ-ն երկարատև ծրագիր է, ապա այն պետք է ունենա նաև իր կրթական համակարգը և իր կրթական ծրագրերը, որովհետև ԵՏՄ երկրները Բոլոնիայի գործընթացի անդամներ են: Հետևաբար, հասկանալի է, որ եթե անգամ ԵՏՄ-ն ունենա իր կրթական ծրագիրը, այն չի հակասի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ծրագրերին, հակառակը՝ այն պետք է օգտագործի եվրոպական ծրագրերի փորձը: Ամփոփելով ելույթս՝ մեկ անգամ ևս փաստեմ, որ կրթությունը պետք է ընդունվի որպես շատ կարևոր քաղաքական և տնտեսական գործիք՝ երկարաժամկետ և կայուն ինտեգրման ծրագրերու»,-մասնավորապես նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են բուհերի վարկանիշավորմանը, Բոլոնիայի գործընթացին, բուհական գրադարաններին և այլն:

Նմանատիպ նյութեր