211652_close_icon
views-count1083 դիտում article-date 16:43 01-12-2015

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի ղեկավարությանը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի պատվիրակությանը՝ հարկադիր կատարման գծով տնօրեն և գործառնությունների գծով ղեկավար Սվեն Կիհլգրենի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Հայաստան ժամանելու համար, ապա կարևորել Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը: Միհրան Պողոսյանը, մասնավորապես, նշել է. «Մենք հետաքրքրված ենք Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի փորձով: Որպես պետական կառավարման մարմին՝ ՀՀ Հարկադիր կատարման ծառայությունը կարողացել է բազմաթիվ մարտահրավերների դիմագրավել, մասնավորապես՝ կատարողական վարույթների մեծ հոսքին։ Դա կարողացել ենք կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ՝ առանց աշխատակիցների թիվն ավելացնելու։ Մեզ համար արդիական է ՏՏ ոլորտի զարգացումը, և մեր ամենօրյա աշխատանքում մենք հետևողական ենք Ծառայությունում ոլորտի զարգացմանն ու մարտահրավերների դիմագրավմանը»։ Շվեդ գործընկերների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ինչպես ՀՀ Հարկադիր կատարման ծառայության պրակտիկ գործունեությունը, այնպես էլ՝ դրա համար հիմք հանդիսացող օրենսդրական կարգավորումները։ «Անշուշտ, արժևորում ենք մեր կուտակած փորձը, սակայն շատ կարևոր և օգտակար է ուսումնասիրել և ձեռք բերել այլ երկրների փորձը ևս», - իր խոսքում նշել է Սվեն Կիհլգրենը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ կատարողական վարույթի ընթացքում կիրառվող հարկադրանքի միջոցների տեսակները և կիրառման առանձնահատկությունները, ՏՏ ոլորտների ներգրավվածության աստիճանը հարկադիր կատարման գործընթացում, պարտապանի գույքի հայտնաբերման և իրացման մեխանիզմները։ Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է ՀՀ հարկադիր կատարման ծառայության և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի միջև համագործակցության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը, որով կողմերի միջև համագործակցության նոր հիմքեր կստեղծվեն և կպլանավորվեն կատարվելիք աշխատանքները: Այս նպատակով առաջիկայում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ։

Նմանատիպ նյութեր