211652_close_icon
views-count1894 դիտում article-date 21:19 07-12-2015

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆեդերիկա Մոգերինիին. Բրյուսելում ազդարարվեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր բանակցությունների մեկնարկը

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին։ Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց նույն օրը մեկնարկելիք՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների կապակցությամբ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ ակտիվ քննարկումների միջոցով Հայաստանը և Եվրոպական միությունը կկարողանան համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, որը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և նոր ուղենիշներ կսահմանի փոխշահավետ համագործակցության համար: Նախարար Նալբանդյանը կարևորեց ԵՄ խորհրդի որոշումը, որն արտացոլում է գործընկերների նկատմամբ կիրառվելիք տարբերակման սկզբունքը` հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերիշխանության և արդյունավետ կառավարման ոլորտներում նրանց հանձնառությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությանը։ Նախարար Նալբանդյանը ԵՄ բարձր ներկայացուցչին տեղեկացրեց երեկ Հայաստանում կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի և դրա նախնական արդյունքների մասին։ Զրուցակիցներն անդրադարձան ահաբեկչության դեմ միջազգային պայքարին, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, մի շարք այլ տարածաշրջանային և միջազգային խնդիրների, քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կատարման ընթացքը: Հայաստանի ԱԳ նախարարը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Ֆեդերիկա Մոգերինին կրկին անգամ ընդգծեց Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Ֆեդերիկա Մոգերինիի՝ Հայաստան այցելելու հրավերը։

Նմանատիպ նյութեր