1887 դիտում
23:22 07-12-2015
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի ընթացքում
Հարգելի Ֆեդերիկա,
Հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ գտնվել Բրյուսելում՝ միասին ազդարարելու Հայաստանի և Եվրոպական միության միջև բանակցությունների մեկնարկը:
Հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն է արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ, որն ըստ արժանվույն կարտացոլի մեր համագործակցության խորությունն ու էությունը: Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական միության Խորհրդի որոշումը մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ այս ճանապարհով:
Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական Միության հետ և մտադիր է ավելի զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում: Այս նպատակաուղղվածությունը խորը արմատներ ունի: Հայաստանի նախագահի բնորոշմամբ. «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ներկա նպատակներով և իղձերով»:
Իսկապես, որքան հին է եվրոպական քաղաքակրթությունը, այնքան և հին են նրա հետ Հայաստանի և հայ ժողովրդի կապերը։ Նրանք գալիս են դարերի խորքից՝ այն ժամանակներից, երբ մեր ժողովրդի լուսավորյալ զավակները իրենց ներդրումն էին բերում այն արժեքային համակարգի ձևավորման գործում, որն այսօր կոչվում է եվրոպական արժեքներ:
Հենվելով այդ ընդհանուր արժեքների վրա` մենք հանձնառու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատական համակարգի բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Այս առումով մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանն իր արժեքավոր աջակցության համար:
Հայաստանում Սահմանադրական բարեփոխումները, որոնք Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել էին ամենաբարձր գնահատականի և բնորոշվել էին միջազգային չափանիշներին համահունչ, ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված այս նպատակներից շատերի իրագործմանը: Այդ բարեփոխումները երեկ տեղի ունեցած հանրաքվեի նախնական արդյունքներով հաստատվել են։
Առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործումը և ոլորտային համագործակցության ընդլայնումը մեր ընդհանուր օրակարգի առաջնահերթությունների թվում են:
Հարգելի գործընկերներ,
Մեր հարաբերությունների իրավական հիմքի քննարկումների հետ մեկտեղ՝ հայկական կողմը Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմինների հետ ներգրավված է եղել ԵՄ տարբեր նախաձեռնություններում մեր մասնակցության վերաբերյալ բանակցություններում:
Մենք մեծապես կարևորում ենք մարդկային շփումները, և մեր քաղաքացիների ազատ շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու համար: Արդեն երկու տարի է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:
Ելնելով նախորդ ամիս տեղի ունեցած բարեհաջող բանակցություններից՝ մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020»-ը և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը:
Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ Մենք վաղուց ավելի հեռատեսական մոտեցում որդեգրելու կողմնակից ենք եղել՝ օգտվելու այն լայն հնարավորություններից, որոնք ընձեռնվել են ինտեգրացիոն շրջանակների կողմից և, օգտագործելու նրանց ընձեռած առավելությունները՝ համահունչ համագործակցության ու գործընկերության ոգուն:
Հարգելի գործընկերներ,
Հարգելի Ֆեդերիկա,
Ես հավատացած եմ, որ մենք այսօր նոր խոստումնալից էջ ենք բացում Հայաստան-Եվրոպական միություն փոխշահավետ հարաբերություններում: Շատերը, ովքեր երկու կողմից պետք է ներգրավվեն բանակցային գործընթացում նորեկներ չեն, և հարուստ փորձ են կուտակել անցյալում: Ես հավատացած եմ, որ նրանց գիտելիքները և նպատակաուղղվածությունը լավագույնս կծառայի ընդհանուր գործին։
Ես հաջողություն եմ մաղթում մեր համատեղ ջանքերին և վստահ եմ, որ մենք կշարունակենք առաջ ընթանալ ճիշտ ուղղությամբ։
Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս կապակցությամբ և մաղթում եմ արդյունավետ բանակցություններ։
Շնորհակալություն։
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
14:51 20-09-2014
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին
1115 դիտում
12:48 02-12-2015
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Վճռական աջակցություն» առաքելության նախարարական հանդիպմանը
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»