211652_close_icon
views-count904 դիտում article-date 15:27 10-12-2015

Գալուստ Սահակյանն ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին: Կազմակերպության անդամները Երեւան են այցելել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի հրավերով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այս տարվանից անդամակցում է միջազգային ուսանողական կառույցին: Նշենք, որ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության հավաքին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ քսան երկրի պատվիրակներ: Ողջունելով եվրոպացի ուսանողներին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Ազգային ժողովում ներկայացված երեք կուսակցություններ ԵԺԿ անդամ են: ԱԺ նախագահը կարեւորել է ուսանողների ներգրավվածությունը ժողովրդավարական կառույցներին եւ նշել, որ ծանոթ է կազմակերպության ծրագրերին եւ հայ ուսանողների հետ համագործակցության հեռանկարներին: ԱԺ նախագահի խոսքով՝ մեծ դերակատարություն ունեն երիտասարդները երկրի կայացման, պետականաշինության ու հզորացման գործում: Խոսելով հայ երիտասարդների մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Հայաստանի քաղաքական օրակարգում մեծ տեղ է հատկացված երիտասարդությանը: Պետական կառավարման տարբեր բնագավառներում աշխատում են բանիմաց ու կիրթ երիտասարդներ»: ԱԺ նախագահի կարծիքով՝ աշխարհին անհրաժեշտ են նոր ծրագրեր, նոր մտածողություն, որոնք ստեղծողն ու իրականացնողը երիտասարդներն են: Խոսելով օրեր առաջ Հայաստանում կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին՝ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ պետությունն անցում է կատարում ավելի ժողովրդավարական մոդելի, եւ մեծ հնարավորություններ են ստեղծվում երիտասարդների համար՝ մասնակից դառնալու երկրում կատարվող կարեւորագույն իրադարձություններին, պետականաշինության գործընթացին: Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Սահմանադրության փոփոխություններին, երկրում իրականացվող երիտասարդական ծրագրերին, երիտասարդների ներգրավվածությանը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին:

Նմանատիպ նյութեր