15660 դիտում
21:43 10-12-2015
Ողբերգական ավտովթար Իջևան քաղաքում. KIA Sorento-ն մի քանի մետր գլխիվայր շրջվելով` հայտնվել է այգում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր` դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: ժամը 20:30-ի սահմաններում KIA Sorento մակնիշի 50 AV 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իջևան քաղաքում Մետաղագործների 13 շենքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակներին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով` հայտնվել այգում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, 68-ամյա Սիրան Բաբայանը տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է մեքենայից մի քանի մետր դուրս շպրտված, իսկ Իջևանի հիվանդանոց են տեղափոխվել 34-ամյա Բագրատ Էլարյանն ու 64-ամյա Վարդգես Ադամյանը:
Մինչ դեպքի վայր կժամանեին Իջևանի հրշեջ-փրկարարները` մահացածն ու վիրավորները տեղափոխվել են քաղաքացիների և ոստիկանների օգնությամբ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Արշակ Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 5-րդ փողոցի բնակիչ Վարդգես Ադամյանի անվամբ, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: