211652_close_icon
views-count73360 դիտում article-date 11:46 23-12-2015

18-ամյա զինվոր Գևորգին ճանաչողները պնդում էին. «Կյանքը սիրող տղան ինքնասպան չէր լինի». ծնողները պահանջում են, որպեսզի մեղավորներն օրենքի ողջ խստությամբ պատասխան տան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Նորագավիթ թաղամասի բնակիչներ, ամուսիններ՝ 38-ամյա Հասմիկ Ավետիսյանն ու 45-ամյա Արամ Խաչատրյանը մինչև այս պահը չգիտեն՝ ով է պատասխան տալու իրենց մինուճարի՝ 18-ամյա Գևորգ Խաչատրյանի մահվան համար: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրն ասում էր. «4.5 ամիս առաջ երեխայիս մեծ սիրով ու իր կամքով ճանապարհեցինք բանակ: Սկզբում ծառայում էր սահմանապահ զորքերի Դավիթաշենի զորամասում, իսկ երդմնակալությունից հետո տեղափոխեցին Հորադիզ, որտեղ ծառայությունը շարունակեց թիվ 7 ուղեկալում: Միշտ կապի մեջ ենք եղել, ամեն անգամ խոսելիս Գևորգը չէր դժգոհում ծառայությունից ու միշտ ասում էր. «Ամեն տղա պետք է հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարի, տղամարդու նման ծառայի և հետ գա»: Ողբերգական դեպքը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին, ժամը 23:00-ի սահմաններում, դրանից կես ժամ առաջ խոսել ենք Գևորգի հետ: Տրամադրւթյունը բարձր էր: Նոյեմբերի 29-ին մեզ ասում են, թե՝ տղադ մահացել է, իբրև թե ինքնասպան է եղել՝ իրեն ամրակցված ավտոմատով կրակելով ծնոտին: Լրիվ հեքիաթ: Թե՛ մենք, թե՛ քննիչները լավ գիտենք, որ երեխան մինչև սպանվելը դաժան ծեծի է ենթարկվել: Նրա մարմնի վրա եղել են բազմաթիվ հարվածների հետքեր: Քննիչ Հայկ Հայրապետյանը մեզ ասում է, թե ողջ գիշեր չենք քնել, լավ աշխատել ենք ու մի հատ կապիտան ու մի զինվոր ենք բռնել, ովքեր իբրև թե տղայիս հասցրել են ինքնասպանության: Ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ առողջ ու կյանքը սիրող տղայիս դաժանաբար ծեծել են, իսկ հետո կրակել են՝ սարքելով, թե տղես ինքնա խփել իրան: Մենք մեր դժգոհությունն ենք հայտնում զորամասի ողջ սպայական կազմին, ովքեր ունեն իրենց մեղքի բաժինը, ու եթե կանոնավոր ծառայեին, ապա իմ տղայի դիակը չէի ստանա: Ճիշտ է, տղայիս էլ հետ չենք բերի, բայց ուզում ենք, որպեսզի մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում մեր նման ծնողները չդառնան որդեկորույս, և, որ, ամենակարևորն է, իրականությունը բացահայտվի, որ հանրությունը իմանա՝ տղաս ինքնասպան չի եղել, այլ ծեծել են, իսկ հետո սպանել են»: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Գևորգը մեր աչքի առաջ ա մեծացել: Որ հիմա հիշում ենք, թե ինչեր էր ասում կյանքի, ապրելու մասին, շոկ ենք ապրում: Միշտ ասում էր՝ կյանքը սիրում եմ իրա բոլոր դժվարություններով, իմ ընկերների հետ միշտ սիրել եմ լավը: Նույնիսկ, երբ ընդունվել էր Ագրարային համալսարան, հնարավորություն ուներ անվճար պայմաններում ուսումը շարունակեր և մի քանի տարի կազատվեր զինծառայությունից, բայց ասում էր՝ ումի՞ց եմ պակաս, ո՞ր տղուց եմ լավը, եթե նրանք ծառայում են, ու իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ, ինձ ի՞նչ կա, կծառայեմ, հետո կգամ ու ուսումս կշարունակեմ»: Ծնողները չեն վստահում քննչական մարմնին, ինչի համար էլ դիմել են Հելսինկյան ընկերության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին: Պատրաստվում են դիմել նաև հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանին՝ նորից պնդելով. «Մեր երեխային, ճիշտ է, հետ չենք բերի, բայց թող մեղավորները հայտնաբերվեն ու պատժվեն, որպեսզի հետագայում նման տականք սպաների ձեռքով զինվորներ չսպանվեն»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր