211652_close_icon
views-count2790 դիտում article-date 14:59 28-12-2015

ԼՂՀ նախագահի նստավայրում պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց, Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 2015 թվականին սպորտի ոլորտում բարձր արդյունքներ գրանցած արցախցի մարզիկները արժանացել են նյութական խրախուսման, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի մամուլի ծառայությունը: Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն արժեւորում եւ գնահատում է հայրենանվեր գործունեությունն ու ծառայությունը՝ հույս հայտնելով, որ այս պարգեւները խթան կհանդիսանան աշխատանքների արդյունավետությունը հետեւողականորեն բարձրացնելու համար: Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ բոլորին մաղթելով խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր