211652_close_icon
views-count2980 դիտում article-date 22:44 11-01-2016

Բժշկական կենտրոններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 855 հիվանդ. 77 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը վերահսկելի է և այն բոլոր միջոցառումները, որոնք կատարվում են նախարարության կողմից` համարժեք են եվրոպական տարածաշրջանի հետ: Նա պարզաբանեց, որ պարզապես առկա է սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացում: Վահան Պողոսյանի խոսքով` նաև ԶԼՄ-ների հետ համագործակցության և համատեղ աշխատանքի շնորհիվ է, որ հաջողվել է տոնական օրերին բարձրացնել բնակչության զգոնությունը և իրականացնել լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ: Նա հորդորեց լրագրողներին թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և չտարածել հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին ՀՀ առողջապահության նախարարությունուն ստեղծված արագ արձագանքման խումբը, առողջապահական ողջ համակարգը տոնական օրերին աշխատել է արտահերթ ռեժիմով: ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ սեզոնային գործոնով պայմանավորված գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում առկա է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև եվրոպական տարածաշրջանի այլ երկրներում: Նրա խոսքով`բարձրացման պատճառներից մեկը եղանակային պայմանների վատացումն էր, ինչպես նաև տոնական օրերին ակտիվ շփումները: Արտավազդ Վանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրավիճակը լիովին վերահսկելի է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Բանախոսները ևս մեկ անգամ կոչ արեցին բնակչությանը հետևել նախարարության հորդորներին, չզբաղվել ինքնաբուժմամբ և հնարավորինս վաղ փուլերում դիմել բժշկական օգնության հատկապես առողջության պահպանման առաջնային օղակում: Նրանք պատասխանեցին լրագրողների հարցերին, պարզաբանեցին թեմային առնչվող հարցերին: Ամենօրյա համայցերի, տեղեկատվության հավաքագրման և դրանց վերլուծության արդյունքում մասնագետները փաստել են, որ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա, արձանագրվում է սեզոնային բարձրացում, որը պայմանավորված է եղանակային ջերմաստիճանի կտրուկ իջեցմամբ, ինչպես նաև տոնական օրերի մեծ շփումներով: Նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ աշխատանքները տանում է երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական։ Կանխարգելիչ միջոցառումներից կարևոր էր վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով դպրոցական և նախադրոցական հիմնարկներում արձակուրդների երկարաձգումը մեկ շաբաթով։ ԱՀԿ-ի հետ համատեղ դեռ անցած տարվա սեպտեմբերից կազմակերպվել է սեմինար` նվիրված վերականդանացման բաժանմունքներում գրիպի բարդություններից հիվանդների բուժմանը, ինչպես նաև տարեկան աշխատաժողով` նվիրված գրիպին, մասնավորապես 2015-2016թթ. սեզոնի առանձնահատկություններին։ Բացի այդ խոցելի խմբերի շրջանում իրականացվել են պատվաստումներ։ Այս գործընթացը շարունակվում է։ Մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատել Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը, նախարարությունն ուժեղարել է համագործակցությունը մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների հետ` հատկապես դժվարանցանելի բնակավայրերում հղիներին և հիվանդներին ժամանակին բուժհաստատություններ հասցնելու և անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու գործում։ Պետք է նշել, որ նախարարության կողմից տոնական օրերին կատարված իրազեկման աշխատանքների արդյունքում այս ընթացքում մեծացել է դիմելիությունը ինչպես բժշկական օգնության առաջնային օղակում, այնպես էլ` հիվանդանոցներում։ Արդյունքում` իջել է ծանր դեպքերի քանակը։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում հրավիրվել են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվել է ընթացիկ իրավիճակը, տրվել են համապատախան լուծումներ։ ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչությունն ուժեղացրել է վերահսկողությունը բժշկական կազմակերպություններում սանիտարական նորմերի պահպանման նկատմամբ: Նախարարությունն այս օրերին փորձել է մեծացնել բնակչության զգոնությունը։ Քանզի գրիպի ցանկացած տեսակ կարող է հանգեցնել տարբեր բարդությունների։ Այս առումով առավել խոցելի են հղիները, երեխաներն ու ծերերը, ինչպես նաև քրոնիկ հիվանդները։ Արձանագրված թոքաբորբերը հիմնականում ուշ դիմելիության և ինքնաբուժման հետևանք են: [b]Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 855 հիվանդ։ Նրանցից 672-ը մինչև 18 տարեկան է, 101-ը` հղի։ 77 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։ Նրանց բուժման ընթացքը գտնվում է նախարարի մշտական ուշադրության ներքո։[/b] Հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք պայքարելու համար Երևանի և մարզերի բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Նմանատիպ նյութեր