211652_close_icon
views-count2008 դիտում article-date 20:48 13-01-2016

Տոնական օրերին 12 584 քաղաքացի է դիմել բժշկական օգնության. այժմ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում հանգիստ է. ՀՀ ԱՆ

Մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարարության արագ արձագանքման խումբը հանգամանալից անդրադարձ կատարեց գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին: Նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ իրականացված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների և առողջապահական համակարգի արտակարգ ռեժիմով աշխատանքի շնորհիվ, տոնական օրերին հնարավոր եղավ խուսափել տասնյակ ուշացած դեպքերից, խոսել փրկված կյանքերի մասին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշեց, որ տոնական օրերին` հունվարի 12-ը ներառյալ, 12 584 քաղաքացի է դիմել բժշկական օգնության: Նշվեց, որ այժմ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում հանգիստ է: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց դեղերով ապահովվածության գործընթացին: Կարևորվեց բուժումը ճիշտ ընթացակարգերով և սահմանված նորմատիվներով իրականացումը: Նախարարը հանձնարարեց հատկապես հղիների, ինչպես նաև ապաքինված հիվանդների, երեխաների նկատմամբ սահմանել հսկողություն, իրականացնել համայցեր: Առկա իրավիճակում բժշկական կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակները կանխարգելելու և վերջիններս բեռնաթափելու նպատակով Արմեն Մուրադյանը հանձնարարեց ուժեղացնել առաջնային օղակի աշխատանքը, ուր վերջին օրերին արձանագրվել է դիմելության անկում: Նշենք, որ ամբուլատոր ցանցը ևս ապահովված է անհրաժեշտ հակավիրուսային դեղերով:

Նմանատիպ նյութեր