211652_close_icon
views-count1870 դիտում article-date 10:00 17-01-2016

Ավարտվել է թիվ 1/07 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել հանձնաժողովի անդամին

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 1/07 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դեկտեմբերի 23-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են «1in.am» տեղեկատվական հարթակում «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկել են» վերտառությամբ հրապարակված նյութի հիման վրա ոստիկանության Նոր Նորք բաժնում նախապատրաստված նյութերը։ Պարզվել է, որ 1/07 ընտրատեղամասի ընտրող Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 6-ին այցելել է ընտրատեղամաս՝ մասնակցելու քվեարկությանը, որտեղ նկատել է, որ իր փոխարեն գրանցամատյանում արդեն ստորագրված է, ինչի մասին բարձրաձայնել է: Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ Մ.Թանդիլյանը հեռացել է ընտրատեղամասից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում դեկտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նախաքննությամբ պարզվել է Մ.Թանդիլյանի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ թիվ 1/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Կ. Ստեփանյանը ընտրողի տվյալների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, ստորագրել և կնքել իրեն հատկացված կնիքով, ապա՝ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր