211652_close_icon
views-count9680 դիտում article-date 22:05 17-01-2016

Աննա Իսրայելյանը զրուցել է հայկական ժամանակակից մեդիայի ամենահին դեմքերից մեկի հետ: Հին՝ ինֆորմացիոն դաշտում անցկացրած երկուսուկես տասնամյակի առումով: «Սեփական դաշտում» այս անգամ համեստ հադրութցի է: newmag.am

Ուսանողական տարիներին վստահ էի, որ Հայկազն Ղահրիյանը դառնալու է մարզական մեկնաբան: Դե՛, ուրիշ որևէ մեկին չէի տեսել, որ ֆուտբոլային խաղերից գալիս է ճմռթած շորերով՝ կոճակները պոկված, ձայնը խզված: Մի օր նույնիսկ ինձ՝ հակասպորտային արարածիս, համոզեց գնալ մարզադաշտ: Բայց հետո ստիպված էր բացատրել, թե այդ ինչ էին վանկարկում մարզասերները դատավորի հասցեին: Ճիշտ է, մինչև այդ ճակատը մանր քրտինքով էր պատվել, բայց բացատրությունը հնչեց բավական վայելուչ: Եվ այդ օրից գիտեմ, որ նա կարողանում է անգամ ամենահոռի երևույթները շարադրել քաղաքակիրթ լեզվով: Մի հատկանիշ, որն անգնահատելի է լրագրողի ու հատկապես խմբագրի համար: Առավել ևս՝ Lragir.am-ի գլխավոր խմբագրի համար: – Հոկտեմբերի 1-ին Lragir.am-ը վերլուծություն էր հրապարակել, որը վերնագրված էր. «Մոսկվան մտադիր է երկու ամիս հետո զորք մտցնել Ղարաբաղ»: Հայկա՛զն, դեկտեմբերի 1-ից հետո, եթե քո հրապարակած այս տեղեկությունը կամ վերլուծությունը չիրականանա, ի՞նչ ես անելու: – Նախ՝ կուրախանամ, որ չիրականանա… Եվ երկրորդ՝ խաղաղապահների թեման բաց արծարծվում է պաշտոնական շրջանակներում: Հնարավոր է՝ այդ հոդվածի հեղինակն ունի իր աղբյուրները: – Ներողություն կխնդրե՞ք, թե՞ չէ: – Ումի՞ց: Ընթերցողների՞ց: – Այո՛: Մանավանդ որ շատ է «Լրագրին» ուղղված քննադատությունը, թե իր հակառուսականության պատճառով անգամ ամենից ոչ իրական ու անհեթեթ վարկածներն է շրջանառության մեջ դնում: Ինչպե՞ս ես վերաբերվում այդ քննադատությանը: – Նորմալ: Շատ-շատ առումներով հասկանալի է այդ քննադատությունը: Բայց հակառուսականությունը… Ես այդպես չէի ասի: Այդ տերմինն ինչ-որ տեղ հնարվել ու գործածության մեջ է դրվել: Մենք գրում ենք Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության մասին. նկատի ունենք զուտ ռազմաքաղաքական, տնտեսական հարաբերությունները: Հիմնականում հենվում ենք եղած հրապարակային տեղեկության ու որոշակի ենթադրությունների, կանխատեսումների վրա՝ հետևելով այդ նույն քաղաքականության տրամաբանությանը: Ասեմ նաև, որ քաղաքական մեկնաբանությունն ունի երևույթներ ու իրադարձություններ կանխելու նպատակ: Եթե դա հաջողվում է, ապա լավ է ոմանց համար, վատ՝ ուրիշների: – Միանգամից այսօրվա «Լրագիր» կայքի մասին խոսեցի, բայց հիմա ուզում եմ հետ դառնալ, մանավանդ որ հայկական լրագրության մեջ երկար ճանապարհ ես անցել՝ «Լրագիր», «Լրագիր օր», հետո «Մոլորակ» օրաթերթեր և հետո` «Լրագիր» առցանցը: Քո խմբագրած այս պարբերականներում, կարելի է ասել, ծնունդ ես տվել բավական վառ, հիշվող լրագրողների, որոնք հենց քո լրատվամիջոցների միջոցով են ի հայտ եկել՝ Հակոբ Բադալյանը, Սիրանույշ Պապյանը, և ժամանակին ամենավառ աստղը գուցե Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞: Ո՞նց գտար իրեն: – Առանձնապես չեմ փնտրել: Նիկոլն ինքը եկավ, առանց հարցնելու՝ մտավ ու դարձավ լրագրող: Այսինքն՝ իմ դերն այդտեղ, եթե անկեղծ լինենք, չկա, ես չեմ գտել իրեն: Ինքն իր տեղը նվաճեց, շատ արագ «անուն հանեց»: Ընդհանրապես աշխատում էի, որ այդպիսի մարդիկ լինեն՝ վառ անհատականություններ, որոնք կգային իրենց ասելիքով ու ձեռագրով: Ես երբեք Նիկոլին, օրինակ, չեմ ասել՝ այս է պետք անել, այն է պետք անել: Գերադասում եմ նման մարդկանց հետ աշխատել: – Ե՞րբ էիր դու Նիկոլին ավելի շատ հավանում: Երբ սկսեց գրել աշխարհաքաղաքական վերլուծություննե՞ր, թե՞ երբ գրում էր, օրինակ, «Երազ» ավտոմեքենայի մասին, որը «էշի պես հավատարիմ մեքենա է», կամ մարդու մասին, որը չոքել էր Վանո Սիրադեղյանի դիմաց, երբ իր «Մերսեդեսով» շրջանցել էր նրա մեքենան: – Դե՛, պարզ է, որ այդ նյութերն եմ հավանում: Դրանք այն ժամանակ ինչ-որ առումով նորություն էին, որովհետեւ Սովետական միությունից հետո լրագրողները դեռ կարծես իներցիայով «օֆիցիոզն» էին շարունակում: Ու քիչ լրագրողներ կային, որոնք սկսեցին իրական կյանքի մասին գրել, և դա ինչ-որ առումով անսովոր էր Հայաստանում: https://newmag.am/2016/haykazn/

Նմանատիպ նյութեր