3449 դիտում
16:14 20-01-2016
Բաքվի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի՝ 1948 թ-ի կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձեւակերպմանը. ԼՂՀ ԱԺ
ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ.
«1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել ու իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու տեղահանման, ինչի հետեւանքով քաղաքն ամբողջությամբ հայաթափվել է: Թալանի ու բռնագրավման է ենթարկվել Բաքվի հազարավոր հայ բնակիչների անշարժ ու շարժական գույքը: Բռնություններին զոհ է գնացել ավելի քան 400 հայ, որի մասին վկայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:
Այդ օրերին Բաքվում տեղի ունեցած բռնությունները 1988թ. փետրվարին Սումգայիթում, իսկ այնուհետեւ՝ Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրերում չդատապարտված ջարդերի շարունակությունն էին, որոնք իրականացվել են ԽՍՀՄ ղեկավարության իմացության եւ թողտվության պայմաններում ու Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով տարածվել նաեւ Լեռնային Ղարաբաղում:
Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն նենգափոխում են «սեւ հունվարի» էությունը, այլեւ լռության ու մոռացության են մատնում «երեք ջարդերի մայրաքաղաքի» պատմությունը՝ փորձելով կոծկել Բաքվում 1905թ., 1918թ. եւ 1990թ. կոտորածների ու ադրբեջանահայության հանդեպ իրականացրած ցեղասպանության քաղաքականության ակնհայտ հետեւանքները:
Բաքվի հայության դեմ իրականացված սոսկալի կոտորածը մինչ օրս համարժեք գնահատական չի ստացել: Ավելին, վերջին քսանվեց տարիներին օգտվելով անպատժելիությունից՝ Ադրբեջանի ղեկավարությունը հետեւողականորեն իրականացնում է հայատյացության պետական քաղաքականություն, որն ուղեկցվում է զինադադարի պարբերաբար խախտումներով եւ պատերազմի վերսկսման սպառնալիքներով:
Հարգելով Բաքվի ջարդերին ու բռնատեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը ու դատապարտելով այլատյացության, ծայրահեղականության եւ ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.
վերահաստատում է, որ Բաքվի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձեւակերպմանը,
պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը հետեւողական է լինելու, որպեսզի ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներն ու իրականացնողները, համաձայն միջազգային նորմերի, ենթարկվեն պատասխանատվության,
կոչ է անում քաղաքակիրթ աշխարհին եւ խորհրդարանական կառույցներին՝ դատապարտել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերը, դրանց տալ իրավական գնահատական:
20 հունվարի, 2016թ.
ք. Ստեփանակերտ»:
Նմանատիպ նյութեր
2778 դիտում
00:54 21-01-2014
Սև քրոնիկոն. Ինչպես և ինչ ծրագրով իրականացվեցին Բաքվի հայերի ջարդերը. տեսանյութ
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան