211652_close_icon
views-count2727 դիտում article-date 16:37 21-01-2016

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 20-ին հանդիպել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին։ Հանդիպման ընթացքում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը ողջունել է իրանական կողմի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ընդգծել, որ ամեն կերպ աջակցելու է դրանց իրագործմանը, հետամուտ է լինելու, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին և գործնական կիրառում ստանան։ «Երևանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար Թեհրանը որևէ սահմանափակում չունի։ ԻԻՀ ու ՀՀ միջև հարաբերությունները միշտ էլ լավ ու բարեկամական են եղել: Երկու երկրների միջև հին ժամանակներից սկսած՝ պատմական ու բարի դրացիական կապեր են հաստատված եղել»,- ասել է նա: ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների շրջանում էլ Իրանը դրական ու կառուցողական կապեր է ունեցել Հայաստանի հետ. «Պատժամիջոցների չեղարկումը և բանկային հարցերի կարգավորումը երկու երկրի բանկային համագործակցությունների համար նոր հնարավորություն են ստեղծում, և հետշրջափակումային փուլում հնարավոր է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը»,- ասել է Էսհաղ Ջահանգիրին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույնները, շնորհավորել ԻԻՀ ժողովրդին պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ և նշել, որ Իրանի հետ համագործակցությունների համակողմանի ընդլայնումը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ Անդրադառնալով տրանսպորտային ոլորտում երկու երկրների համատեղ նախագծերին՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է նախագծերի գործադրման համար օգտվել Իրանի ընկերությունների ու կապալառուների կարողություններից, քանի որ հիշյալ ընկերությունները նման նախագծերի իրագործման մեծ փորձ ունեն:

Նմանատիպ նյութեր