48788 դիտում
16:09 27-01-2016
Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են մեծ թվով բնակարանային գողություններ. հանցագործը մատնացույց է անում թալանված բնակարանների տեղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 27-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մի շարք գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Մեջլումյանին:
Ինչպես Վաղարշապատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստերի ճնշման տակ Ա. Մեջլումյանը խոստովանել է, որ այս տարվա հունվարի 13-ից մինչև հունվարի 14-ը ընկած ժամանակահատվածում Թաիրով գյուղի Մ. Մաշտոց 1-ին փողոցի 6-րդ տան եվրոպատուհանը բացելու միջոցով ներս է մտել նշված տուն, որտեղից գողացել է 100 հազար դրամ, 1 հատ ջեռոց, 1 հատ փոշեկուլ, 1 հատ գազօջախ:
Վերջինս խոստովանել է նաև, որ հունվարի 17-ի գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ մետաղյա ճաղավանդակը պոկելու և պատուհանը բացելու միջոցով մուտք է գործել Փարաքար գյուղի Շիրազի փողոցի 4-րդ տուն, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Մարգարյանին: Տունը տակնուվրա անելուց հետո իր ցանկալի իրերը չգտնելով՝ նա հեռացել է:
Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 27-ին երկաթյա լինգի գործադրմամբ նա մտել է Թաիրով գյուղում գտնվող «Վերոնա» ռեստորանային համալիր, որտեղից հափշտակել է մոտ 400 հազար դրամի տարբեր տեսակի օղիներ:
Հոկտեմբերի 31-ին Ա. Մեջլումյանը Փարաքար գյուղի Թամանցիների 1-ին նրբանցքի 3-րդ հասցեից հափշտակել է Արտուշ Առաքելյանին պատկանող 1500 ռուսական ռուբլի, իսկ ննջասենյակից՝ 290 հազար դրամ արժողության ոսկյա զարդեր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին Ա. Մեջլումյանը Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Կառլեն Ավագյանի գլխավորությամբ տեղի ունեցող քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է անում այն վայրերը, որտեղից կատարել է գողություններ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի հանձարարականով քննիչ Կ. Ավագյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Քննիչի որոշմամբ կասկածյալ Ա. Մեջլումյանը ձերբակալվել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ այսքանով չի սահմանափակվում նրա կատարած բնակարանային գողությունների թիվը: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ Վաղարշապատի ոստիկանները տեղի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ պարզել են արդեն, թե ում հետ և ում են վաճառել գողացված ապրանքները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+