95744 դիտում
18:51 29-01-2016
Ո՞ր եղանակի հետ է Գագիկ Սուրենյանը համեմատում իր կյանքը, մանկությունից մնացած ի՞նչ սպիներ ունի, ինչո՞ւ է ուսուցչուհի մայրը ամաչել նրանից, ո՞վ է եղել թագուհու կոչմամբ հարսանիքի պատվավոր հյուրը, որ մոռացել է իր հարսանիքի մասին եւ ավելին
Ինչո՞ւ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը իրեն չի պատկերացնում, «գողականի», ոստիկանի, դերասանի, բժշկի կամ այլ դերերում, ի՞նչ զավեշտալի եւ աբսուրդ հարցերով են իրեն դիմում, ինչպիսի՞ ընտանիքում է ծնվել եւ մեծացել, ո՞րն է եղել մանկության բակը, ի՞նչ կենդանիներ է տանը գաղտնի պահել, որի արդյունքում տանը քաոս է առաջացել, մանկությունից մնացած ի՞նչ սպիներ են մինչեւ հիմա պահպանվել, ինչո՞ւ է մայրը ուսուցչուհի լինելով հանդերձ` ամաչել որդու պահվածքի համար, ինչո՞ւ չի ծառայել բանակում եւ ինչպե՞ս է հայտնվել դիրքերում, ինչպե՞ս է ծանոթացել կնոջ հետ եւ ո՞վ է եղել հարսանիքի պատվավոր հյուրը, որ ուրախությունից մոռացել է իր հարսանիքի մասին, ո՞րն է եղել առաջին ավտոմեքենան, ի՞նչ մեքենա է երազում ունենալ, բրենդմոլ է, թե ոչ, տարվա ո՞ր եղանակի նման է երազում կյանքը անցնի եւ ավելին` [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տված հարցազրույցում:
ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.
[b]-Պարոն Սուրենյան, եթե համեմատելու լինենք, թե մինչեւ այս պահը ինչպե՞ս է անցել Ձեր կյանքը, տարվա ո՞ր եղանակի հետ կհամեմատեք եւ ինչո՞ւ:[/b]
-Գարնան հետ կհամեմատեի. գարնանը հանկարծակի կայուն եղանակը փոխարինվում է ուժգին ամպրոպներով և տեղատարափ անձրևներով, ինձ մոտ էլ է միշտ այդպես: Լինում է ժամանակահատված, որ բացարձակ կայունություն է իմ կյանքում, իսկ գալիս է մի պահ, երբ ես պոռթկում եմ, իմ մեջ արթնանում են այն հատկությունները, որն ինձ տրված է բնությունից: Օրինակ, գիտական ուսումնասիրություններիս փուլը ինձ մոտ շատ կարճ է տևում, բայց շատ բուռն: Հարաբերական անդորրից հետո իմ մեջ արթնանում է գիտությամբ զբաղվելու մեծ ցանկություն, իսկ հետո` կտրուկ անհետանում: Իմ թեկնածուական ատենախոսությունը ես գրել եմ ընդամենը 6 ամսում, այնինչ, շատերի մոտ դա տևում է տարիներ: Նույն երևույթը կատարվում է բնության հետ շփման դեպքում, ես պաշտում եմ բնությունը, հատկապես լեռները և գալիս է մի պահ, որ լեռներում գտնվելու այնպիսի ցանկություն եմ ունենում, որ եթե չիրականացնեմ` հնարավոր է, որ սրտի կանգ ունենամ:
[b]-Կան մարդիկ, որոնց տարբեր մասնագիտություններում ես պատկերացնում: Ձեր դեպքում մի քիչ այլ է: Գուցե արդեն սովոր ենք Ձեզ եղանակային կանխատեսումներ վարելիս տեսնել, բայց, ամեն դեպքում, դժվար է Ձեզ ոստիկանի, «գողականի», բժշկի, դերասանի եւ այլ մասնագիտություններում տեսնել: Դուք ինքներդ Ձեզ տեսե՞լ եք թվարկված դերերում: Սա այն դեպքն է, որ Ձեր ներկայիս մասնագիտությունը կարծես հենց Ձեզ համար է: Այդ մասնագիտությունից դուրս՝ էլ ի՞նչ նախասիրություններ ունեք:[/b]
-Ես, բացի օդերևութաբանությունից, ինձ որևէ այլ բնագավառում չեմ կարող պատկերացնել: Իմ մասնագիտությունը իմ կյանքն է և ես ապրում եմ դրանով: Շատ դեպքերում, երբ որևէ լուրջ եղանակային փոփոխություն է կանխատեսվում և նախազգուշացում է հաղորդվում, նույնիսկ չեմ կարողանում քնել, լարված նայում եմ արբանյակային լուսանկարներին` մինչև սպասվող ցիկլոնը բարեհաճի մտնել Հայաստան:
[b]-Բոլորն են հետաքրքրվում եղանակով: Վստահ եմ, որ զավեշտալի դեպքեր եւ հարցեր շատ են եղել Ձեր մասնագիտության հետ կապված: Եթե կարելի է, մեր ընթերցողների հետ կիսվեք մի քանիսով:
[/b]
-Այդ հարցերը շատ բազմազան են և հաճախ են լինում: Ձեզ եմ ներկայացնում առավել զավեշտալիները.
[color=#EF2929]
1.«Էս Նոր տարվա ձյունդ որ եկավ, պիվա պատիվ տալի՞ս ես»:
2. «Տուրիստների խումբ ենք տանում Գեղամա լեռներ: Ավտոմեքենան մինչև որտե՞ղ կբարձրանա. ձյան ծածկույթը որտեղի՞ց է սկսվում». տուրիստական գործակալությունից։
3. «Գագիկ ջան, էդ ձյան վինտիլները մի երկու ռեզբա ձգի, մեղք ենք»:
4. Մի գեղեցկադեմ աղջիկ Ֆեյսբուքով գրում է. «Պարոն Սուրենյան, ինչով է պայմանավորված դեկտեմբերին նման տաք և չոր եղանակը»։ Պատասխանում եմ՝ անտիցիկլոնով, աղջիկը գրում է՝ «դա ի՞նչ է, ցելոֆա՞ն»:
5. Վերջերս նոյեմբերին մի շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Տատը դեռ չմահացած՝ թոռը հարցնում է. «Տատը վատ է, ի՞նչ խորհուրդ կտաք՝ հոգեհացը կարո՞ղ ենք դրսում տալ»:
6. Պարոն Սուրենյան, ձեզ Նորաշենից են անհանգստացնում: Հիմա մեզ մոտ սելավ ա: Ե՞րբ կկտրվի, որպեսզի պապիկին «վերցնենք»:
7. Տոնավաճառի առևտրականները հետաքրքրվում են. «Ե՞րբ ա ցրտելու: Կարա՞նք արդեն սապոգ ու վերարկու հանենք վաճառքի»:
8. Փողոցում՝ վարորդները. «Մեքենաների անվադողերը փոխե՞նք, թե դեռ շուտ է»:
9. Գյուղատնտեսը. «50 հազարի դեղանյութ եմ առել: Պիտի էնպիսի օր ասես՝ սրսկեմ ծառերս, որ անձրևը չգա, լվանա, փողերս կորի»:
10. «Խոտը որ քաղեցինք, անձրևն եկավ, իմացի՝ սաղ փտելու է: Էնպիսի ժամանակահատված ասա, որ գոնե 3 օր անձրև չգա»։
11. Ընկերը. «Կարող ա՞ մեքենաս լվանամ՝ անձրև գա, իզուր 3000 դրամս կորի»:
12. Ֆեյսբուքով անծանոթ մեկը գրել է. «Նոյեմբերի 22-ին հարսանիքս է, պարո՛ն Սուրենյան: Խնդրում եմ ինձ արևային օր նվիրեք»:
13. «Գագիկ ջան, Քոբուլեթիի տոմսը ե՞րբ առնենք, չգնանք՝ հարամվի»:
14. Հիմնականում տատիկները. «Այսօր կարող ա՞ ճնշումս բարձրանա, հո ցիկլոն-միկլոն չի գալիս»:
15. Ֆիլմի ռեժիսորը. «Պարոն Սուրենյան, 400 հազար դրամի տեխնիկա ենք վարձել, եթե տեղումներ եղան, կորած ենք»:[/color]
[b]-Մեծահարուստները հիմա փողով ամեն հարց լուծում են: Իսկ պատահե՞լ է, որ Ձեր միջոցով փորձեն «եղանակ փոխել»[/b]
-Չէ, նման դեպք, փառք Ասծու, չի եղել, երևի սա միակ բնագավառն է, որ մեծահարուստները փողով չեն կարող հարց լուծել:
[b]-Վերադառնանք մանկություն: Փոքր ժամանակ, երբ հարցնում էին՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ի՞նչ պատասխան էիք տալիս:[/b]
-Եղանակի կանխատեսման և ընդանրապես օդերևութաբանության և կլիմայագիտության նկատմամբ իմ հետաքրքրությունները սկսվել են շատ վաղ հասակում, մոտավորապես 4-5 դասարանում: Ես պարզ հիշում եմ, երբ որ ամպրոպ էր լինում, ես ժամերով մտածում էի` ինչից է գալիս այդ որոտի ձայնը, ոնց է առաջանում կայծակը, նայում էի երկնքին, որպեսզի ինձ համար բացահայտեմ, թե որտեղից է սկսվում ամպրոպը և հորիզոնի որ կողմում վերջանում: Երբ 6-րդ դասրանում էի, աշխարհագրության ուսուցչուհուս խնդրեցի, որ ինձ համար օդերևութաբանության գիրք ճարի և նա գտավ այդ գիրքը: Հիշում եմ, թե ինչ հետաքրքրությամբ էի կարդում և յուրացնում ու ամեն օրվա եղանակը գրանցում իմ տետրերում և երբ որոշակի գիտելիքներ ձեռք բերեցի այդ գիտության վերաբերյալ, 7-րդ դասարանում, նախ` իմացա Հայպետհիդրոմետի տեղը, հետո` թաքուն, առանց տանը ասելու, եկա Հիդրոմետ, աշխատակիցներին ցույց տվեցի իմ բոլոր դիտարկումները և նշումները եղանակի մասին և խնդրեցի, որ նրանք ինձ ցույց տան թե ինչպես է կանխատեսվում եղանակը: Նրանք ինձ սիրեցին և այնքան լավ էին վերաբերվում, ինձ կոչում էին մեր փոքրիկ օդերևութաբանը: Այդ օրվանից շաբաթը մոտ 2 անգամ ես գալիս էի Հիդրոմետ ծառայություն, որից հետո արդեն ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետի ջրաօդերևութաբանության բաժինը: Հենց 1-ին կուրսից ինձ հրավիրեցին աշխատանքի Հիդրոմետ ծառայություն, արդեն մագիստրոս էի, բայց Օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետն էի:
[b]-Վերջին անգամ ե՞րբ եք թերթել Ձեր ընտանեկան ալբոմը: Ինպիսի՞ ընտանիքում եք մեծացել, ծնողներից ստացված ինչպիսի՞ խորհուրդներով: Մեր մեծահարուստ քաղաքական, գործիչներից շատերը, գործարարները եւ այլ պաշտոնյաներ խոստովանել են, որ ծայրահեղ աղքատ ընտանիքում են մեծացել եւ նկարագրել: Նրանք այն օրինակներից են եղել, որ զրոյից հասել են նման կարողության: Սոցիալապես անապահո՞վ, թե՞ ապահովված ընտանիքում եք մեծացել: Ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել: Մանկությունից մնացած ցանկություններ, երազանքներ կա՞ն, որոնց մինչեւ այսօր չեք կարողացել հասնել: [/b]
-Մոտ 1 տարի առաջ եմ թերթել մեր ընտանեկան ալբոմը: Մայրս 30 տարի է` մանկավարժ է աշխատում, հայրս արհեստավոր է, մեր ընտանիքում սոցիալական վիճակը միշտ եղել է միջին մակարդակի վրա` ոչ շատ ճոխ ենք ապրել, ոչ էլ շատ վատ: Դժվարությունը եղել է այն, որ ես ամեն ինչին հասել եմ իմ ուժերով, որևէ մեկը ինձ չի օգնել և դրա կարիքն էլ երբեք չեմ ունեցել: Իմ բոլոր երազանքները իրականացել են: Երբ փոքր էի, երազում էի, որ դառնամ օդերևութաբան, իսկ երբ դարձա օդերևութաբան, արդեն երազում էի ունենալ ամուր և կայուն ընտանիք և բալիկներ: Հիմա ամեն ինչ ունեմ և ես երջանիկ եմ:
[b]-Մանկությունից մնացած սպիներ ունե՞ք, որ հաճախ հիշեցնում են Ձեր արկածախնդրության մասին։ Պատմեք տպավորվածները: Յուրաքանչյուր բակ ունի իր չգրված օրենքները։ Որտե՞ղ էր Ձեր մանկության բակը եւ ինչո՞վ էր տարբերվում մյուսներից:[/b]
-Միայն հիշում եմ, որ անընդհատ ծեծուջարդերի մեջ էի, գլխիս վրա դեռ սպիները պահպանվում են, հաճախ փախչում էի տնից և ընկերներիս հետ գնում Քանաքեռի հատվածի Հրազդան գետի կիրճ, օձեր էի բռնում և բերում տուն, թաքուն պահում, իսկ երբ բացահայտվում էր, որտ տանը օձ կա` իսկական քաոս էր սկսվում: Ծնվել և մեծացել եմ Քանաքեռում, որտեղ քաղաքի հետ համեմատ կանաչը և բնությունը ավելի շատ է, Հրազդանի կիրճն էլ մոտ էր, որտեղ, ինչպես ասացի, հաճախ էի լինում ընկերներիս հետ:
[b]- Դպրոցում ինչպիսի՞ աշակերտ եք եղել, ինչո՞վ էիք հայտնի: Դասերից փախե՞լ եք, աղջիկների համար կռիվ արե՞լ եք: Դպրոցական տարիներից մնացած սպիեր ունե՞ք, թե՞ ոչ:
[/b]
-Անկարգ, չար, կռվարար աշակերտ եմ եղել, միշտ կռիվների մեջ: Մայրս դասավանդում էր նույն դպրոցում, որտեղ սովորում էի ես: Միշտ ամաչել է իմ պահվածքից. օր չկար, որ մի ծնող կռիվ չգար: Ոչ բոլոր առարկաներն եմ լավ սովորել, սովորում էի այն առարկաները որոնք ես սիրում էի:
[b]-Իսկ ի՞նչ աշխատանքով վաստակեցիք Ձեր առաջին գումարը, ո՞ր տարիքում եւ ի՞նչ գնեցիք։ Մեր մեծահարուստ զրուցակիցներից շատերը նաեւ խոստովանել են, որ բանվոր են եղել, բեռնակիր, կոշկակար, հողագործ: Հետաքրքիր է, Դուք ինչպե՞ս եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը մասն գիտությունից դուրս:[/b]
-Ես 1-ին կուրսից կես դրույքով աշխատանքի անցա Հիդրոմետ ծառայությունում: Ստանում էի ընդամենը 10000 դրամ, որը ուսանողի համար այն ժամանակ նորմալ գումար էր, ուրիշ որևէ տեղ չեմ աշխատել: Երբ 2010-ին պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս, Երևանի պետական համալսարանը ինձ հրավիրեց դասախոսություններ կարդալու այն Ֆակուլտետում, որտեղ ես սովորել և ավարտել եմ և մինչև հիմա էլ դասախոսում եմ օդերևութաբանություն և նրա ճյուղային առարկաները: Աշխատում եմ նաև Շանթ հեռուստաընկերությունում` որպես եղանակի տեսության մեկնաբան, դա էլ եղել է իմ ցանկությամբ: Նպատակը նա էր, որ ազգաբնակչությունը ինֆորմացիան յուրացնի հենց մասնագետի կողմից:
[b]-Բանակի ալբոմը հաճա՞խ եք թերթում։ Որտե՞ղ եք ծառայել, բանակից մնացած սպիեր ունե՞ք, թե՞ ոչ։ Ո՞ւմ նամակին էիք ամենից շատ սպասում եւ ո՞ր նամակն եք պահել: Բանակում եղանակային կանխատեսումները պետք եկե՞լ են, թե՞ ոչ: [/b]
-Բանակում չեմ ծառայել, քանի որ պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն, բայց դիրքերում ընկերներիս հաճախ եմ գնացել տեսության: Գնում էի գիշերը, երբ մութ էր, որպեսզի ղեկավարությունը հանկարծ չնկատի: Ուրբաթ գնում էի, կիրակի հետ գալիս: Երբ դիրքեր սնունդ էին բարձրացնում, ես փասա -փուսաս հավաքում ու փախնում էի խրամատներ: Երասխավանի դիրքերն էր, որտեղից լավ երևում էր Նախիջևանը, Սադարակ գյուղը և մեր Արաքսը: Հիացած նայում էի այդ տեսարանին, մինչև զանգում էին ասում, որ եկածները գնացին ու ես վերադառնում էի դիրք: Ինձ շատ էր դուր գալիս բանակային կյանքը, երբ գնում էի դիրքեր` չէի ուզում վերադառնալ քաղաք:
[b]-Ձեր անուն-ազգանունը լսելով՝ բոլորը սպասում են եղանակային կանխատեսումների, բավական է ձեր նկարով նյութը հայտնվի համացանցում և այն դառնում է ամենաընթերցվածը կամ դրանցից մեկը, ձեր աշխատանքային գործունեության ժամանակ բոլորի մոտ փոխվեց հավատը և վերաբերմունքը եղանակային կանխատեսումների վերաբերյալ, հիմա բոլորը հավատում և վստահում են Հիդրոմետ ծառայության հաղորդագրություններին: [/b]
-Դա պայմանաորված է ոչ թե միայն իմ անձով, այլ այն բարոյահոգեբանական մթնոլորտով, որը տիրում է մեր կազմակերպությունում և պայմանավորված է այն պահանջկոտությամբ և աջակցությամբ, որ ցուցաբերվում է ՏԿԱԻՆ նախարար Ա. Երիցյանի կողմից:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանվորված, օդերևութաբանության ոլորտը անընդհատ զարգանում է, կատարելագործվում են կանխատեսումների մեթոդները, ներդրվում են նորագույն գործիքներ և սարքավորումներ՝ դիտարկումների և կանխատեսումների ճշգրտությունը բարելավելու ուղղությամբ:
ՀՕԿ-ի կոնվենցիային Հայաստանի հանրապետության միանալուց (1992թ) ի վեր ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը իրականացնում է կոնվենցիայով ստանձնած բոլոր պարտականությունները միջազգային ստանդարտներին համապատասխան, հիդրոօդերևութաբանական մոնիթորինգ իրականացնելու և կանխատեսումներ կազմելու վերաբերյալ: Շնորհակալ ենք, որ դրական կարծիք է ձևավորվել հանրության մոտ, դա մենք ընդունում ենք որպես արժանի գնահատական մեր աշխատանքին և պարտավորված ենք զգում մեզ հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու մեր պարտականությունները՝ գիտակցելով դրա կարևորությունը հանրության տնտեսության և պետության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում:
[b]- Մեր զրուցակիցներից շատերը հետաքրքիր դրվագներ են պատմել իրենց կնոջ հետ ծանոթանալու պատմություններից, օրինակ, որ ամուսնացել են եղբոր կնոջ քրոջ հետ, կամ փախցրել են սիրած աղջկան, պարզվել է, որ բարեկամ են։ Դուք ինչպե՞ս ծանոթացաք Ձեր կնոջ հետ, ինչպե՞ս նվաճեցիք նրա սիրտը եւ ինչո՞վ նա գրավեց Ձեր ուշադրությունը։[/b]
-Կնոջս հետ ծանոթացել եմ համալսարանում, մենք սովորել ենք նույն կուրսում, այնուհետև, մինչև ամուսնանալը, նա աշխատել է այն բաժնում, որը ես եմ ղեկավարել և մինչև հիմա էլ աշխատում է ինձ հետ, նա նույնպես օդերևութաբան է: Առանձնապես մեծ ջանքեր չեմ գոծել նրան գրավելու համար, աստիճանաբար ես ընդունել եմ նրան նա էլ ինձ, չեմ կարող նշել, թե կոնկրետ ինչը մեզ միացրեց , կան բաներ որոնք անբացատրելի են:
[b]-Ձեր հարսանիքը ինչո՞վ տարբերվեց մյուս հարսանիքներից: [/b]
-Մեր հարսանիքի հյուրն էր, ինչպես ժողովուրդն է նրան կոչում, հայոց երգի թագուհին Օֆելյա Համբարձումյանը, առաջին անգամ էր, որ երգչուհին եկավ մեր տուն և ես այնքան էի ուրախացել, որ մոռացել էի, որ իմ հարսանիքն է: Ուրախությունս պատճառ ուներ, ես պաշտում եմ մեր ժողովրդական և գուսանական երգը, իսկ այդ երգերի անզուգական և անփոխարինելի կատարող ինձ համար միայն Օֆելյան է, նրա ձայնը և կատարողական արվեստը ես զգում եմ մինչև բջիջներս, իսկ նման հանճարին օջախումդ ընդունելը, ինձ թվում է, երազանք է ցանկացած հայի համար:
[b]–Խանդո՞տ ամուսին եք, թե՞ ոչ, ի՞նչ արգելքներ եք դնում Ձեր կնոջ առաջ: Եվ նա ինչպե՞ս է վերաբերվում Ձեր աշխատանքին: Հեռուստաէկրանը յուրաքանչյուր զույգի էլ խանդելու առիթներ տալիս է: Ձեր կնոջը խանդելու առիթներ տվե՞լ է, թե՞ ոչ:
[/b]
-Ինչպես արդեն ասացի, կինս ունի նույն մասնագիտությունը, բացարձակ խանդոտ չեմ և ոչ մի արգելք էլ չեմ դնում նրա առաջ: Խանդում է, թե ոչ, չեմ էլ հարցրել, ամեն դեպքում` առանձնապես խանդի տեսարաններ չեմ տեսել և զգացել:
[b]-Դո՞ւք եք ավելի խիստ ծնող Ձեր երեխաների հանդեպ, թե՞ Ձեր ծնողներն են ավելի խիստ եղել։ Հնարավորություններ ունենալով հանդերձ` ինչի՞ց եք զրկել կամ զրկում նրանց: Քանի՞ երեխա ունենք եւ ի՞նչ նախասիրություններ ունեն: [/b]
-Ծնողներս բացարձակ խիստ չեն եղել իմ նկատմամբ, երբևէ դա չեմ զգացել, ես մեծացել եմ ազատ, առանց որևէ զրկանքների: Ունեմ երկու դուստր, մեկը 5 տարեկան է, մյուսը 3, այդ տարիքում երեխայի նկատմամբ խստություն դրսևորել կամ ինչ- որ բանից զրկել, իմ կարծիքով ճիշտ չէ, հիմա մենք գուրգուրում ենք նրանց, տալիս այն, ինչ կարող ենք:
-[b]Իսկ բրենդամո՞լ եք, թե՞ ոչ։ Ի՞նչ արժեն Ձեր ամենաթանկ եւ ամենաէժան հագուստները: Ավելին՝ խանութներում պատահո՞ւմ է, որ գները զեղչեն կամ նվերներ տան Ձեզ:[/b]
-Բրենդամոլ չէմ, հագնում եմ այն, ինչ որ ինձ սազում է և գեղեցիկ է: Այո, խանութներում հաճախ է պատահում, երբ ինձ ճանաչելով զեղճեր են անում, հետն էլ հարցնում են. «Երբա է ցրտելու էս կուռտկեքը ծախվի»:
[b]-Կհիշե՞ք, թե Ձեր առաջին ավտոմեքենան, հիմա ինչ մեքենա եք վարում։ Եվ ի՞նչ մեքենա եք երազում ունենալ: Ավտոտեսուչներն ինչպե՞ս են արձագանքում Ձեզ կանգնեցնելիս։
[/b]
-Առաջին մեքենաս եղել է Toyota 4runner ամենագնաց, հիմա վարում եմ Nissan Teana: Երազում եմ ունենալ Toyota FG: Քանի որ ես լեռների սիրահար եմ, այդ մեքենայով կարող եմ գնալ այնտեղ, որտեղ ուզում եմ:
[b]-Մարդու կյանքը եւս եղանակի նման է՝ սկզբում բոլորիս համար գարուն է, հետո՝ ամառ, աշուն եւ ձմեռ: Դուք այս եղանակներից ո՞րն եք սիրում եւ ո՞ր եղանակի ուղեցկությամբ կցանկանայիք անցներ Ձեր կյանքը[/b]
Սիրում եմ Գարունը, կցանկանայի, որ կյանքս անցներ գարնան պես, որովհետև գարունը միշտ լի է անակնկալներով, թե' վատ և թե' լավ, իսկ կյանքը հետաքրքիր է ոչ միայն լավ անակնկալներով:
[b]-Շնորհակալ ենք անկեղծ հարցազրույցի համար եւ ցանկանում ենք, որ այսուհետ ձեր կյանքը գարնանային զարթոնքի նման էլ անցնի:[/b]
-Ես նույնպես շնորհակալ եմ:
[b]Զրուցեց ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
7725 դիտում
11:26 04-08-2016
Գագիկ Սուրենյանը Ժիրինովսկուն համեմատում է անկայուն ցիկլոնի հետ
16498 դիտում
23:12 26-02-2016
«Գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն են լալիս...». Գագիկ Սուրենյանը ` գարնան առաջին օրվա եղանակի մասին
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին