211652_close_icon
views-count2546 դիտում article-date 10:19 17-02-2016

Ծայր աստիճանի անգրագետ և անուղեղ զանգվածն ի վերջո դառնում է վտանգավոր նաև իշխանության համար. «Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է. «Ռուսաստանյան մի շարք հասարակական և կրոնական կազմակերպություններ վերջերս քննարկել են դպրոցներում գրականության ուսուցումն «ավելի հայրենասիրական» դարձնելու խնդիրը։ Քննարկման ընթացքում ՌԴ Պետդումայի պատգամավոր Յարոսլավ Նիլովն առաջարկել է դպրոցական ծրագրերից հանել Տոլստոյի, Դոստոևսկու և Բուլգակովի գործերը։ Այդ պատգամավորը, սեփական փորձը վկայակոչելով, նշել Է, որ բարդ փիլիսոփայական հարցերը, որոնք բարձրացվում են, մասնավորապես, «Պատերազմ և խաղաղություն», «Ոճիր և պատիժ» վեպերում, հասանելի չեն դպրոցականների համար։ Նիլովի նախաձեռնությունը պաշտպանել Է Ռուսական ակադեմիական հիմնադրամի ղեկավար Ռոման Պուտինը (ՌԴ նախագահի եղբորորդին), նա խոստովանել Է, որ դպրոցում Տոլստոյի վեպը չի կարդացել։ Իրականում խնդիրն, իհարկե, այդ հեղինակների գործերի բարդությունը չի՝ պարզ Է, որ տարբեր տարիքում մենք տարբեր խորությամբ ենք ընկալում համաշխարհային գլուխգործոցները։ Ներկայիս ՌԴ վերնախավի մտավախությանն այն է, որ հիշյալ գրողները քննադատաբար Էին վերաբերվում իրենց ժամանակի ռուսական իրականությանը և խոսում Էին արատների մասին, որոնք հատուկ են նաև այսօրվա ռուասաստանյան (և ոչ միայն ռուսաստանյան) իրականությանը, իսկ դա կխանգարի պատանիների «հայրենասիրական» դաստիարակությանը։ Ցարական և նույնիսկ կոմունիստական չինովնիկները հասկանում էին, որ մարդկանց հիմարացնելը, լյամպենացնելը պետք է չափուսահման ունենա։ Ծայր աստիճանի անգրագետ և անուղեղ զանգվածն ի վերջո դառնում է վտանգավոր նաև իշխանության համար՝ այն դեպքում, երբ «կերը» քչության է անում։ Այսօրվա Ռուսաստանի կառավարիչներն այդքան հեռատես չեն»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր