2519 դիտում
18:15 12-03-2016
Վարչապետն ընդունել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին: Հանդիպումը կայացել է ՀՀԿ կանանց խորհրդի, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի ժողովրդական ծրագրերի համակարգողի նախաձեռնությամբ:
Կառավարության ղեկավարը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին կանանց տոների առթիվ, բարձր է գնահատել կանանց դերը երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում: Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը, կանանց դերի հետևողական բարձրացումը: «Մեր քայլերն ուղղված են լինելու ձեր դերակատարության հետևողական բարձրացմանը, մեր երկրի քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավվածության մեծացմանը, որպեսզի տարբեր ոլորտներում դուք լինեք ավելի ակտիվ: Մեր աջակցությունը ձեզ այդ հարցում լինելու է տեսանելի»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը;
Այնուհետև հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, մարզերում առկա խնդիրներին և այդ ուղղությամբ նախատեսվող ու իրականացվող աշխատանքներին, ՏԻՄ-երում կանանց դերի մեծացմանը և այլն: Բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տարածքային համաչափ զարգացումը և նշել, որ այդ նպատակով գործադիրն իրականացնում է հետևողական քայլեր, բազմաթիվ ծրագրերի միջոցով աստիճանաբար փորձելով լուծել մարզերում առկա տարբեր խնդիրներ:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության, շնորհավորանքների, իրենց հետաքրքրող հարցերին պատասխանելու և անկեղծ զրույցի համար:
Կողմերը պայմանավորվել են նման հանդիպումները դարձնել շարունակական:
Նմանատիպ նյութեր
7914 դիտում
12:02 30-05-2018
Մեկնարկեց Երևանի ավագանու նիստը. Տարոն Մարգարյանը ներկայացրեց ավագանու նոր անդամներին. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»