211652_close_icon
views-count2013 դիտում article-date 09:38 29-03-2016

Առողջապահության նախարարությունը գնել է կրկնակի, եռակի թանկ և ՀՀ-ում չգրանցված դեղեր. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանի Վերահսկիչ պալատն անցած տարի ուսումնասիրել է Առողջապահության նախարարության կողմից վերջին 2 տարում կենտրոնացված կարգով իրականացված գնումների, բնակչությանը դեղերով ապահովման նպատակով բժշկական հաստատություններին հատկացված միջոցների ծախսման արդյունավետության, նաև՝ դեղերի շրջանառության գործող օրենսդրությանը համապատասխանության հարցեր: Ըստ ՎՊ հաշվետվության՝ դեռևս լուծված չէ կենտրոնացված կարգով ձեռք բերվող «Գլիմեպիրիդ» և «Մետֆորմին» շաքարային դիաբետի դեղերի անմիջապես արտադրողից ուղղակի եղանակով գնման հարցը: Նախարարության կողմից ներկայացվել է պարզաբանում, ըստ որի՝ իրականացվում են բանակցություններ դեղարտադրող կազմակերպությունների հետ Գլիմեպիրիդ/մետֆորմին և Մետֆորմին հիդրոքլորիդ դեղերի՝ Եվրոպական արտադրողից ուղղակի եղանակով ձեռք բերելու նպատակով: ԱՆ-ի կողմից համապատասխան դեղերի նախահաշվային գները ձևավորվել են՝ հիմք ընդունելով հնդկական և տեղական արտադրության համանման (նույն քիմիական բաղադրության) դեղերի գները, որոնք էականորեն ցածր են վերոգրյալ եվրոպական արտադրության դեղերի գներից: Այդ իսկ պատճառով արձանագրվում են որոշակի լրացուցիչ ձգձգումներ` պայմանավորված արտադրողների հետ բանակցություններով: Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ «Սելսեպտ» դեղը ՀՀ ռեեստրում գրանցվել է 10.09.2009թ.` 5 տարի ժամկետով (արտադրման երկիրը` Իտալիա), այնինչ 2014թ. նախարարության կողմից գնված «Սելսեպտն» արտադրվել և ՀՀ է ներմուծվել Հնդկաստանից` 1 դեղապատիճը շուրջ 230 դրամով կամ Իտալիայում արտադրվածից 2.5 անգամ ցածր գնով: Արդյունքում` նախարարության կողմից 2014թ. դեղը գնվել է ներմուծման արժեքից ավելի քան կրկնակի բարձր գնով, տվյալ դեղի ՀՀ-ում չգրանցված լինելու պարագայում: Հատկանշական է, որ առողջապահության նախարարի 17.11.2014թ. հրամանով մերժվել է Հնդկաստանում արտադրված «Սելսեպտ» դեղի խմբաքանակի ՀՀ ներմուծումը, քանի որ դեղի գրանցման ժամկետը լրացել էր 10.09.2014թ., սակայն 28.11.2014 թ. մեկ այլ հրամանով նույն խմբաքանակի ներմուծումը թույլատրվել է: Հրամանում հղում է կատարվել ՀՀ կառավարության որոշման վրա, որտեղ նշված է, որ կարող են ներմուծվել միայն ՀՀ-ում պետական գրանցում ունեցող դեղերը, բացառությամբ` աղետների, համաճարակների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև՝ մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծվող դեղերի: 2013 թ. վերահսկողությամբ արձանագրված դեղերի ձեռքբերման գները 2014-2015թթ. էականորեն նվազել են, սակայն նախարարության գնումներում դեռևս առկա են դեպքեր, երբ դեղերը ձեռք են բերվում ներմուծման արժեքից էականորեն բարձր գնով: Օրինակ՝ 2014 թ. նախարարության կողմից ձեռք է բերվել 4677 դեղահատ «Դեսմոպրեսին ացետատ» 0. 1մգ/5մլ դեղը՝ 1 դեղահատը՝ 5789 դրամով, 27 մլն 75.2 հազար դրամ ընդհանուր արժեքով, այն դեպքում, երբ նշված դեղը ՀՀ է ներմուծվել 2720 դրամով կամ նախարարության գնման գնից ավելի քան կրկնակի ցածր գնով: Նույն դեղի՝ 2015 թ. 5000 դեղահատ ձեռք է բերվել 5267 դրամով, որը ՀՀ է ներմուծվել 3000 դրամով կամ նախարարության գնման գնից 75 % ցածր գնով: 2015 թ. ներմուծման գնից 64 % բարձր գնով (44.7 դրամով) ձեռք է բերվել 358500 հատ Գլիկլազիդ 60 մգ (Diazon-MR) դեղը, որը ՀՀ է ներմուծվել 27. 2 դրամով: ՎՊ վերահսկողության ընթացքում ընտրանքային կարգով ուսումնասիրվել է նաև «Բնակչության առողջության առաջնային պահպանում» ծրագրի շրջանակներում նախարարության և բժշկական հաստատությունների միջև կնքված պայմանագրերով հատկացված միջոցներից դեղերի գնմանն ուղղված միջոցների ծախսման արդյունավետությունն ու օրինականությունը: Ընտրանքային կարգով ստուգումներ են իրականացվել Երևանի թիվ 20 և թիվ 22 պոլիկլինիկաներում, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայում և Վ. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Պարզվել է, որ պոլիկլինիկաներում մի շարք դեպքերում դեղերը գնվում են ներմուծման արժեքից էականորեն բարձր գներով: Օրինակ` Վանաձորի պոլիկլինիկայի կողմից 2015թ. «Ամլոդիպին բեզիլատ» դեղը գնվել է կրկնակի թանկ, «Դեքսամետազոնը»՝ գրեթե եռակի թանկ գնով: Թիվ 22 պոլիկլինիկայի կողմից 2014թ. «Օմեպրազոլ» 20 մգ դեղը գնվել է 12.6 դրամով, այն դեպքում, երբ տվյալ դեղը ՀՀ է ներմուծվել 6 դրամով կամ պոլիկլինիկայի գնման գնից կրկնակի ցածր գնով: Թիվ 20 պոլիկլինիկայի կողմից 2015թ. «Նեմեսուլիդ» 100 մգ դեղը գնվել է 67 դրամով՝ այն դեպքում, երբ տվյալ դեղը ՀՀ է ներմուծվել 20 դրամով կամ պոլիկլինիկայի գնման գնից եռակի ցածր գնով: Խախտվել է ԱՆ հրամանի պահանջը` պոլիկլինիկաների կողմից գնումների պլանում ներառվել և հետագայում ձեռք են բերվել կենսաակտիվ հավելումներ: Օրինակ, 2015 թ. թիվ 20 պոլիկլինիկայի կողմից ձեռք են բերվել բուլղարական արտադրության 2 տեսակի Լակտո, ացիդո-բիֆիդոբակտերիաներով դեղապատիճներ և Մուլտիլակ կենսաակտիվ հավելումներ, որոնք գրանցված չեն դեղերի պետական գրանցամատյանում, սակայն ներառվել են պոլիկլինիկայի գնումների պլանում: Թիվ 22 պոլիկլինիկան գնումների պլանով նախատեսել և ձեռք է բերել 1200 հաբ չեխական արտադրության Արջուկներ էհինացեա, 400 հաբ իտալական արտադրության Լակտոմաքս ՖԲԱ, 300 հաբ իտալական արտադրության Էհինեյդ, և այլն, որոնք գրանցված չեն դեղերի պետական գրանցամատյանում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տվյալ երևույթն օրենքի բացի հետևանք է՝ «կենսաակտիվ հավելումներ» հասկացությունը պարունակում է որոշ տարընթերցումներ` կապված դրանց սահմանումների և շրջանառության ոլորտների ոչ հստակ ամրագրման հետ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր