211652_close_icon
views-count1181 դիտում article-date 13:50 08-04-2016

Համաձայնագիր է ստորագրվել ՀՀ Կրթության և գիտության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը ստորագրել են համաձայնագիր՝ "Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում" ծրագրի իրագործման վերաբերյալ: Անդրադառնալով համագործակցությանը՝ Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում, այդ թվում կրթության ոլորտում: Կազմակերպությունը նախարարության հիմնական միջազգային գործընկերներից մեկն է, որի աջակցությունը մշտապես եղել է թիրախային: Նախարարն ընդգծել է, որ համընդհանուր ներառական կրթության հիմքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկու կարևոր գաղափար է դրել՝ մարդկային ճակատագրերի կառուցում և հասարակական համապատասխան վերաբերմունքի ձևավորում, որի հիմքում պետք է լինի բարությունը: "Կամավորական շարժումները կրթական համակարգում խրախուսվում են և վստահ եմ, որ համընդհանուր ներառականության գաղափարի իրագործումը կդառնա հանրային բոլոր ոլորտներում գերակայություն: Մենք հանրային վերաբերմունք ձևավորելու խնդիր ունենք և այս հարցում ակնկալում ենք արդյունավետ աշխատանք քաղաքացիական հասարակության հետ ",- նշել է նախարարը և հույս հայտնել ԱՄՆ ՄԶԳ հետ կրթության ոլորտի ավանդական և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական ու կընդգրկի նաև գիտության բնագավառը: Համագործակցության համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհային աջակցություն հատկացնել կրթական համակարգին՝ շենքային պայմաններն առավել մատչելի դարձնելու և ներառական կրթության կազմակերպման համապատասխան սարքավորումներով ապահովելու համար:

Նմանատիպ նյութեր