211652_close_icon
views-count2094 դիտում article-date 19:16 12-04-2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ԵԽ կրթության նախարարների համաժողովում բարձրացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բրյուսելում մասնակցել է ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովին, որն անցկացվում է "Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար" խորագրի ներքո: ՀՀ ԿԳ նախարարը համաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշված է. "Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ, Կրթությունը ժողովրդավարության անկյունաքարն է, և այն մեծ դեր ունի հասարակությունների և պետությունների ամրապնդման, մարդկանց կենսապայմանների բարելավման և աշխարհի երկրների կայուն զարգացման ապահովման գործում: "Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար" համաժողովում ես կցանկանայի կարևորել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության չորս հիմնասյուները, որոնք համարվում են կրթության վերափոխման հիմնարար սկզբունքները: Դրանք են` - Սովորել իմանալու համար: - Սովորել իրականացնելու համար: - Սովորել լինելու համար: - Սովորել միասին ապրելու համար: Հետևաբար, արդյունավետ քաղաքացիական կրթության էությունն է` մարդկանց սովորեցնել ճանաչել աշխարհը, գործել և ակտիվ լինել, գիտակցել գլոբալ հասարակության մեջ անձնական ինքնակառավարման կարևորությունը և ապրել ու աշխատել միասին: Այսպիսով, իսկապես կարևոր է վերափոխել ազգային կրթական համակարգերի բովանդակությունը` այդ չորս հիմնասյուների արդյունավետ զարգացումը խթանելու նպատակով: Պետք է, որ լսած լինեիք, որ անցյալ տարի նշվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք՝ հայերս կամ Արարատի ժողովուրդը, ինչպես մեզ նշում են պատմական վավերագրերում, գիտակցում ենք հասարակության մեջ ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության նշանակալի դերը: Մի քանի օր առաջ` ապրիլի 2-ին, մեր հարևան Ադրբեջանը սկսել է ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես 1915 թվականին, այսօր ևս սպանվել են խաղաղ քաղաքացիներ: Լիահույս եմ, որ մեր սերնդի դերն է` ասել "Վերջ, այլևս երբեք": Եվ մենք պետք է անենք դա կրթության միջոցով: Կրթության ամենամեծ մարտահրավերն ու նպատակն է` սովորել միասին ապրել՝ խաղաղության մեջ: Հարգելի՛ գործընկերներ, Ավելի ժողովրդավար լինելու կոչը, որն այս համաժողովի օրակարգային իմաստն է, պետք է ընդունվի և կարևորվի մեր Հռչակագրի մեջ, ինչը կնպաստի ավելի արդյունավետ քաղաքացիական կրթության հետագա զարգացմանը: Հայաստանը միշտ ողջունել է բոլոր տեսակի նորարարական գաղափարները, որոնք գեներացված են Եվրոպական կառույցներում, և մենք պատրաստ ենք դրանք իրականացնել ժողովրդավարական մշակույթի իրավասությունների շրջանակում: Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ես ավելի քան վստահ եմ, որ մենք` բոլորս, այս գիտաժողովում ունենք մեր առաքելությունը` ժողովրդավարության կրթության ավելի լայն բանավեճի ապահովմանը նպաստելու, ժողովրդավարական մշակույթի իրավասությունների շրջանակը ընդունելու, և մենք պետք է անենք ամեն ինչ՝ հասնելու համար այն նպատակներին, որոնք սահմանված են այս համաժողովում: Շնորհակալություն ուշադրության համար":

Նմանատիպ նյութեր