211652_close_icon
views-count3365 դիտում article-date 14:36 17-04-2016

Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթեց թուրք մրցակցին և բրոնզե մեդալ նվաճեց. վարկանիշային մրցաշար

Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը: Մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանը (75 կգ), 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (խմբ. Մանուկյանը փոխարինել է Արթուր Շահինյանին, վերջինիս վնասվածք ստանալու պատճառով), ազատ ոճայիններ Սուրեն Խաչատրյանը (74 կգ) և 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը: Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում վստահ 9:0 հաշվով հաղթեց հույն մրցակցին, այնուհետև 7:0 հաշվով առավելության հասավ բուլղարացի ըմբիշի նկատմամբ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլին էր: Չալյանը հաղթում էր նվազագույն 1:0 հաշվով, սակայն գոտեմարտի վերջին վայրկյաններին սխալ թույլ տվեց և պարտվեց 1:2 հաշվով: Այդ պարտությունը զրկեց հայ մարզիկին Օլիմպիական ուղեգրից: Բրոնզե մեդալի համար պայքարում նա 3:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկեց, սակայն քառորդ եզրափակչում 2:4 հաշվով պարտվեց բուլղարացի մարզիկին, վերջինս հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Մանուկյանին պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն վերջինս պարտվեց սփոփիչ գոտեմարտում: 74 կգ քաշային, ազատ ոճային ըմբիշ Սուրեն Խաչատրյանը հաղթական երկու գոտեմարտ անցկացրեց: Նախ 15:2 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին, այնուհետև 8:4 հաշվով առավելության հասավ ավստրիացի մարզիկի նկատմամբ: Կիսաեզրափակչում Խաչատրյանը 0:10 հաշվով պարտվեց ադրբեջանցի մարզիկին: Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարում նույնպես պարտվեց: 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը մեկնարկային գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց լեհ մարզիկին և լքեց պայքարը: Ապրիլի 17-ին մրցագորգ դուրս կգան 97 կգ քաշային, ազատ ոճային Էդգար Ենոքյանըև և 130 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդգար Խաչատրյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:

Նմանատիպ նյութեր