1591 դիտում
17:55 26-04-2016
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Ապրիլի 22-24-ը Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որոնց այս տարվա գլխավոր ուղերձը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ֆրանսահայերի և հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամների անվերապահ աջակցությունը:
Ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ընդունելություն քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:
Դեսպան Չիտեչյանն իր խոսքում բարձր արժևորեց Փարիզի քաղաքապետի կողմից փարիզահայության հանդեպ շարունակական ուշադիր վերաբերմունքը: ՀՀ դեսպանը, շեշտելով թուրք իշխանությունների կողմից պետական մակարդակով ժխտողականության տարածման անթույլատրելիությունը, անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի լայնածավալ խախտմանը և դրան հաջորդած թուրք իշխանությունների անընդունելի արձագանքին, որը ոչ այլ ինչ է, քան հայատյացության հարյուրամյա քաղաքականության շարունակության վկայություն և տարածաշրջանում խաղաղության դեմ ուղղված անպատասխանատու կոչ:
«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը լիովին գիտակցի, որ թուրքական վարչակարգի հայտարարությունները՝ ի աջակցություն ադրբեջանական ռազմատենչ քաղաքականությանը, սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում և ամենօրյա հակահայ ատելության մթնոլորտում ապրող թուրք և ադրբեջանցի ժողովուրդների համար»,- նշեց դեսպան Չիտեչյանը:
Ապրիլի 23-ին հայոց նահատակներին հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաղթանակի կամարի ներքո: Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միության կազմակերպմամբ՝ դեսպան Չիտեչյանի և ֆրանսիացի բազմաթիվ քաղաքական գործիչների գլխավորությամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ Փարիզի Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողություն: Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Հաղթանակի կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը:
Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կոչով կայացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որում Ֆրանսիայի Հանրապետությունը ներկայացնում էր Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլյուգմանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն դը Օտսերը, ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ: Ելույթներով հանդես եկան պետքարտուղար Դեզիրը, փոխքաղաքապետ Կլյուգմանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը:
Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Էլիսեյան դաշտեր պողոտայով:
Նույն օրը ֆրանսահայ կառույցների կոչով՝ հիշատակի բազմամարդ հավաքներ տեղի ունեցան Ֆրանսիայի խոշոր քաղաքներ Մարսելում, Լիոնում, Թուլուզում և Վալանսում՝ Ֆրանսիայի տեղական և պետական իշխանությունների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների գլխավորությամբ:
Ապրիլի 23-24-ը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ կազմակերպվեցին Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում համայնքային իշխանությունների կողմից:
Նմանատիպ նյութեր
1670 դիտում
16:32 25-04-2016
Մոսկվայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
2161 դիտում
16:43 26-04-2016
Ռումինիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
2298 դիտում
14:26 26-04-2016
Սիրիայում նույնպես Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»