211652_close_icon
views-count2865 դիտում article-date 23:23 28-04-2016

Պետությունը ընդլայնում է պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը

Գործադիրը հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Հիմնավորման համաձայն՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացումը նպատակ է հետապնդում ընդլայնելու պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը, և պարտապանին հնարավորություն տալու իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից: Առաջարկվում է նաև համապատասխան լրացումներ կատարել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում. նախագծի ընդունմամբ կբացառվեն այն դեպքերը, երբ անձի միակ բնակարանի հարկադիր աճուրդի (այդ թվում՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի) արդյունքում նրան հնարավոր չլինի տրամադրել ՀՀ կառավարության կողմից սահմանված բնակապահովման նվազագույն շեմի չափով գումարը: Կառավարության հավանությանն են արժանացել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետության բարձրացում, Պաշտպանի և նրա աշխատակազմի անկախության երաշխիքների ամրապնդում, ինչպես նաև որոշ՝ ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում: ‹‹Մարդու իրավունքների պաշտպանի մասին›› ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով, որոնք անհրաժեշտություն են առաջացրել համապատասխանեցնել առկա իրավակարգավորումները Սահմանադրության փոփոխություններին: Սահմանադրական փոփոխություններից է բխում մի շարք իրավական ակտերի, այդ թվում՝ «Մարդու իրավունքերի պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համապատասխանեցումը Սահմանադրությանը՝ համաձայն 210-րդ հոդվածի: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում հստակ տարանջատում է անցկացվել Պաշտպանի անկախության և անձեռմխելիության երաշխիքների միջև: Օրինագծում կատարվել է նորամուծություն՝ Պաշտպանը նշված է որպես կանխարգելման ազգային մեխանիզմ: «Որպես ազգային մեխանիզմ՝ Պաշտպանը իրավասու է իրականացնել պարբերական, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, կամ պատիժը կանխարգելելու նպատակով: Ընդ որում, պաշտպանը բացարձակապես պարտավոր չէ նախապես տեղեկացնել այցելությունների ժամանակի և նպատակի մասին»,-նշել է նախարարը: Ա.Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նկատի ունենալով օրինագծի հրատապությունը, կարևորությունը քննարկումները պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ շարունակվելու են՝ ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական ձևաչափում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրինագծի շուրջ քննարկումների կազմակերպումը քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ մինչև այն Ազգային ժողով ներկայացնելը: Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է 2016թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն, և, դրա հետ կապված, վերանայել և սահմանել օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գործավարձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքների նոր նվազագույն չափերը: Ըստ կառավարության եզրակացության, մասնավորապես, նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մոտավոր գնահատմամբ տարեկան հաշվարկով կկազմի առնվազն շուրջ 13 մլրդ դրամ), ինչպես նաև համայնքների բյուջեների ծախսերի գծով լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության: Գործադիրը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` «առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծումներ ապահովել ՀՀ-ում կենդանիների պաշտպանությանը վերաբերող չկարգավորված օրենսդրության տիրույթում»: Կառավարության եզրակացության համաձայն, մասնավորապես, գործող օրենսդրական կարգավորումները հիմնականում կանոնակարգում են նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունները: Այսպես, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով արգելվում է` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը, «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են կենդանիների առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները և այլն: Բացի այդ, նախագծում հստակ տարանջատված չեն տարբեր կենդանիների նկատմամբ լիազոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, բացակայում է ՀՀ կառավարության լիազորությունների վերաբերյալ հոդվածը: Նշվել է նաև, որ ոլորտում առկա օրենսդրական բացերն ուսումնասիրելու և վերացնելու նպատակով արդարադատության նախարարությունում առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որի շրջանակներում մշակվելու է համապատասխան օրենքի նախագիծ և օրենքի նախագծի հեղինակին առաջարկվել է մասնակցել նշված աշխատանքային խմբի աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր