211652_close_icon
views-count1965 դիտում article-date 20:50 10-06-2016

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016 թվականի հունվարի 26-ին Երեւանում եւ 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» Ֆինանսական պայմանագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը տեղեկացրել է, որ պայմանագրով նախատեսվում է ճանապարհի վերականգնման եւ արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում, Վանաձոր-Ալավերդի հատվածում, Ալավերդու քաղաքային գոտում եւ Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում: Նշվել է, որ վերոնշյալ հատվածներն ունեն ոլորաններ, կտրուկ զառիթափներ, նեղ կամուրջներ եւ 3 թունելներ, որոնք պետք է արդիականացվեն: Փաստաթղթով Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 51 մլն եվրո գումարի չափով վարկ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը: Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ` նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի ժամկետով Հայաստանին կտրամադրի 14.6 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` Գյումրի քաղաքում ունենալու անվտանգ երթեւեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց: Ծրագրի շրջանակում նախատեսվում է համայնքի հիմնական ճանապարհների վերակառուցում եւ հանրային լուսավորության արդիականացում, այդ թվում` ասֆալտի եւ մայթերի նորոգում, ինչպես նաեւ ջրահեռացման /դրենաժային/ ենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում, Գյումրու քաղաքապետարանի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի` փաստաթղթով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով Հայաստանին տրամադրել 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Ակնկալվում է, որ ծրագրով նախատեսված միջոցառումները կայուն ազդեցություն կունենան էլեկտրաէներգետիկական ոլորտի պետական արտադրող ընկերությունների, «ՀրազդանՋԷԿ» ԲԲԸ-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակի վրա: Նախատեսված միջոցառումները կնպաստեն երկարաժամկետ հատվածում համարժեք եւ հուսալի էլեկտրաէներգիայի ապահովմանը: Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Նմանատիպ նյութեր