211652_close_icon
views-count2228 դիտում article-date 23:15 22-06-2016

Հունիսի 20-ին ԵՊՀ-ում մեկնարկել է «Հիպոթեզի վրա հիմնված գիտություն և վարակիչ հիվանդություններ» թեմայով հնգօրյա գործնական դասընթացը

ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ու ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացին աջակցել են ԱՄՆ Մասաչուսեթսի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ռաֆի Արոյանը և Շվեյցարիայի Լոզանի ֆեդերալ պոլիտեխնիկական համալսարանի գիտնական Հայգ Եսքանդարյանը: Դասընթացի նպատակն է ուսանողներին սովորեցնել կենսաբժշկության ոլորտում տեր-մակաբույծ փոխազդեցությունների ուսումնասիրության առանձնահատուկ գիտական մեթոդներ: Դասընթացի առանձնահատկությունն այն է, որ ուսանողներին փոխանցվում են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնական հմտություններ: Ուսանողները դասընթացի ընթացքում սովորում են աշխատել պարզ մոդելային օրգանիզմների համակարգի հետ, ձեռք են բերում գործնական նոր գիտելիքներ հակաբիոտիկների ուսումնասիրության, կենսաբանորեն ակտիվ միացությունների հակաբակտերիալ, տոքսիկ կամ իմունիտետը խթանող հատկությունների գնահատման իրականացման համար: Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին դասընթացի բանախոսներ Ռաֆի Արոյանը և Հայգ Եսքանդարյանը, թեմայի ընտրությունը պայմանավորված էր նախևառաջ դրա հետաքրքրությամբ ու արդիականությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ այն ներառում է երկու մասնագետների նեղ մասնագիտական գիտելիքները: Գիտնականները համակարծիք են այն հարցում, որ այստեղ կենսաբանության զարգացումը տարեցտարի ավելի ակնհայտ է դառնում. «Ժամանակին համընթաց քայլելու և գիտության ժամանակակից մեթոդներով աշխատելու համար մեծ ներդրումներ են հարկավոր, ինչի բացակայության հետևանքով էլ գիտությունը չի կարող մեծ թափով զարգանալ»: Հայազգի կենսաբանները տպավորված են նաև ուսանողների հետաքրքրվածությամբ ու սովորելու ձգտումով. «Ամենակարևորը՝ նրանք ցանկանում են սովորել: Շատ հարցեր են մեզ տալիս՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում»: Տեղեկացնենք, որ գործնական դասընթացը կանցկացվի մինչև հունիսի 24-ը, որի ավարտին ուսանողները կներկայացնեն զեկուցումներ, իսկ լավագույնները կստանան դասընթացի մասնակցության հավաստագրեր:

Նմանատիպ նյութեր