211652_close_icon
views-count2132 դիտում article-date 11:17 08-07-2016

Մոսկվայում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հանդիպումը

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ից 7-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Այցի շրջանակներում Ռուսաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Գուցանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ: Հայաստանի գլխավոր դատախազության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը և Էմիլ Բաբայանը, ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը` գլխավոր դատախազի պաշտոնում վերընտրվելու առիթով, ընդգծելով, որ երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունն այսուհետ էլ ավելի կզարգանա: ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Գևորգ Կոստանյանին և Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը՝ քրեական դատավարության ոլորտում երկկողմանի համագործակցության զարգացման համար: Յուրի Չայկան ընդգծելով նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ նշել է, որ դրանք նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների համագործակցության առաջնահերթությունների սահմանմանը, այդ թվում՝ քրեական դատավարության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորման և միջազգային կազմակերպությունների շրջանակում գործողությունների համակարգման հարցերում: Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր