211652_close_icon
views-count1886 դիտում article-date 17:39 11-07-2016

Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահին

Հուլիսի 11-ին Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին։ Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Գրիբաուսկայտեն շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Դալիա Գրիբաուսկայտեն հույս է հայտնել, որ դեսպան Մկրտչյանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների խորացմանը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին առաքելության իրականացման գործում։ Լիտվայի նախագահն ընդգծել է, որ լիտվական կապիտալը հետաքրքրված է մեծացնելու իր ներկայությունը հայկական շուկայում։ Շնորհակալություն հայտնելով Լիտվայի նախագահի կողմից ընդունելության և իր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Լիտվայի հետ համագործակցության առավել սերտացմամբ, փոխադարձ հետաքրքրություն ունեցող բոլոր ուղղություններով հարաբերությունների ամրապնդմամբ ու ընդարձակմամբ: Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ բանակցությունների հաջող ընթացքի հեռանկարները։ ՀՀ դեսպանը նախագահ Գրիբաուսկայտեին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը: Նախագահ Գրիբաուսկայտեն շեշտել է, որ Լիտվան կողմ է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Նույն օրը դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի ԱԳՆ պետական և դիվանագիտական արարողակարգի վարչության պետ Պյատրաս Զապոլսկասի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` վարչության պետ Զապոլսկասը հաջողություն է մաղթել իր առաքելության իրականացման ընթացքում` հույս հայտնելով, որ դեսպան Մկրտչյանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:

Նմանատիպ նյութեր