211652_close_icon
views-count1002 դիտում article-date 15:26 29-07-2016

Կառավարությունը 30 մլն դրամ է հատկացրել՝ Տավուշի մարզի Ոսկեվանի դպրոցի անվտանգությունն ապահովելու նպատակով

ՀՀ 2016թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունը 30 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի Ոսկեվանի դպրոցին մոտեցող ճանապարհի 150 մետր երկարությամբ, 2.4 մետր բարձրությամբ պաշտպանիչ հենապատի կառուցման նպատակով: Մարզի համայնքների դպրոցների անվտանգությունն ապահովող հենապատերի շինարարությունը մեկնարկել է 2015 թվականին՝ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարությունների հիման վրա: Մեկ այլ որոշմամբ սահմանամերձ համայնքների կարևոր օբյեկտների պաշտպանությունն ապահովելու նպատակով գումար է հատկացվել հատուկ տեխնիկա ձեռք բերելու համար: Ձյունառատ ձմռան և դրան հետևած անձրևների հետևանքով երկրի մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղի են ունեցել փլուզումներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել 7 օբյեկտում իրականացնել հենապատերի վերականգնման, փլուզման և սողանքի հետևանքների վերացման և անցանելիության ապահովման աշխատանքներ: Կառավարության որոշմամբ այդ նպատակով ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի խնայված միջոցներից ներծրագրային վերաբաշխում է կատարվել մոտ 8 մլն դրամի չափով: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությանը», որի իրականացմամբ ակնկալվում է ապահովել տարածքների համաչափ զարգացում, մրցունակության բարձրացում, ծրագրերի համադրում՝ տարածքային զարգացման տեսանկյունից և Եվրամիությունից ակնկալվող բյուջետային օժանդակության հնարավորություն: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ռազմավարության վրա բավական աշխատանք է կատարվել, և կառավարությունը ճիշտ ճանապարհ է ընտրել, որով պետք է շարունակի առաջ գնալ: Կառավարությունը որոշել է երեք տարով հետաձգել «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ ներմուծած ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը մտադիր է ընդլայնել արտադրանքի անվանացանկը՝ իրականացնելով շուրջ 2.4 մլրդ դրամ ներդրում, որից 816 մլն դրամը՝ վառարաններ ձեռք բերելու համար:

Նմանատիպ նյութեր