211652_close_icon
views-count5274 դիտում article-date 20:02 16-08-2016

Բուլղարահայոց թեմում մեծ շուքով տոնախմբվեց Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 14-ին Բուլղարահայոց թեմում մեծ շուքով կատարվեց Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնն ուղեկցվեց Սուրբ Պատարագով և Խաղողօրհնեքի արարողությամբ: Բուլղարիայում գործող եկեղեցիներից երեքի` Առաջնորդանիստ Սոֆիայի, Ռուսեի և Շումենի համար օրը կրկնակի տոնական էր, քանի որ այն հավասարապես նաև Սուրբի անունը կրող եկեղեցիների ուխտի օրն էր: Բուլղարահայոց թեմում , ընդհանրապես, Աստվածածնի վերափոխման տոնը տեղի է ունենում առանձնակի հանդիսավորությամբ` նախապատրաստությամբ, բազմամարդ ուխտավորներով և մատաղօրհնեքով: Սոֆիայի Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Բուլղարահայոց թեմի հոգեշնորհ առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը: Իր քարոզում Առաջնորդ հայրը խոսեց տոնի խորհրդի մասին, շնորհավորեց ներկա հավատավոր հայորդիներին Սուրբ Վերափոխման տոնի և եկեղեցու ուխտի օրվա առիթով մասնավորապես նշելով. « Տիրոջ Սուրբ Ծննդյան առիթով տրված ավետիսին Աստվածածինը մնաց հավատարիմ,- Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը,- և այս հավատարմությունը շարունակական եղավ ողջ կյանքի համար: Եվ այս հավատարմությունը օրինակ եղավ և օրինակ է‘ մեր մայրերի ու քույրերի համար, որովհետև մենք սպասում ենք նրանցից աշխարհի և մա‘նավանդ մեր ժողովրդի համար նոր փրկիչներ: Ովքեր պիտի լինեն Աստծո հետ հանդիպելու մեր երաշխավորները, եթե ոչ դուք, սիրելի‘ մայրեր-քույրեր: … Որտեղից էլ և ումից մենք կարող ենք ակնկալել օրինակ և սկզբունք, եթե ոչ Սուրբ Տիրամորից …»: Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Խաղողօրհնեք, որից հետո օրհնված ողկույզներն ու մատաղը բաժանվեցին հավատացյալներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր