211652_close_icon
views-count1641 դիտում article-date 12:41 24-09-2016

Եգիպտոսի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Սեպտեմբերի 22-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն: Հյուրերի թվում էին ԵԱՀ տարածքային զարգացման նախարար Ահմեդ Զաքի Բադրը, ԱԳ նախարարի տեղակալ Իհաբ Նասրը, խորհրդարանի անդամներ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Եգիպտոսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի անդամներ։ Ողջույնի խոսքում դեսպան Արմեն Մելքոնյանը ներկայացրել է անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության անցած ուղին, արձանագրած ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները: ՀՀ դեսպանը նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա՝ հիմքում ունենալով երկու բարեկամ ժողովուրդներին միավորող խորը պատմամշակութային ընդհանրություններն ու ավանդույթները: Արմեն Մելքոնյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը ընդլայնելու ու խորացնելու համար առկա է մեծ ներուժ: Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ նախագահի անձնական ներկայացուցիչ Աբդել Ազիզ Էլ-Շերիֆը, ով Հայաստանի անկախության տոնի առթիվ դեսպան Մելքոնյանին էր փոխանցել երկրի ղեկավարի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

Նմանատիպ նյութեր