5639 դիտում
11:40 27-09-2016
Այսօր հայ նշանավոր ֆիդայի Նիկոլ Դումանի մահվան օրն է
Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894 - 1896-ին՝ Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894 - 1896-ի Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։ 1895 թվականին խմբով (50 հոգի) անցել է Վան։
1896 թվականին Նիկոլի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս՝ ապրել է Բաքվում։ 1904-ին փորձել է խմբով հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն թուրք-պարսկական սահմանի վրա՝ Ռազիի մոտ կռվի է բռնվել քրդական հրոսակախմբերի հետ և տեղ չի հասել։
1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող հայկական ինքնապաշտպանական ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։
Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ապստամբության։ 1909 թվականին անցել է Պարսկաստան։ Եփրեմ Խանի ու Քեռու /Արշակ Գավաֆյան/ հետ մասնակցել է Իրանական հեղափոխությանը։ Ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արևմտյան Հայաստանում։
1910 թվականին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Նիկոլ Դումանը դեմ է արտահայտվել 1906 թվականին ՀՅԴ Խորհրդի ընդունած և ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի վավերացումը ստացած «կովկասյան նախագծին»։ Նա գտնում էր, որ հայերը չպետք է տարվեն համառուսական հովերով։ Նա դեմ է արտահայտվել նաև Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայկական կամավորական գնդերի ստեղծման գաղափարին։
Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը զգալով մոտալուտ վախճանը1914 թվականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։
Հայ ազգի կողմից սիրված հերոսի մարդաշատ հուղարկավորությունը տեղի է ունենում Թիֆլիսում, Խոջիվանքի Պանթեոնում։ Նիկոլին թաղում են Դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին։
1930-ական թվականներին Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդեց Խոջեվանքը և պանթեոնը՝ այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմանների հետ։
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
20:52 30-09-2019
Հետախուզվողը բերման ենթարկվեց Նիկոլ Դումանի փողոցից
5326 դիտում
21:16 28-07-2016
Այսօր իտալացի նշանավոր երգահան Անտոնիո Վիվալդիի մահվան օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
829 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
661 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
769 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված