211652_close_icon
views-count4008 դիտում article-date 22:14 28-09-2016

Արցախի խորհրդարանական պատվիրակությունը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն է մեկնել

Եռօրյա աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի անդամներ՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը եւ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Սեպտեմբերի 26-ին խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմին: Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, պատվիրակության անդամները Եվրոպական Միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի եւ խմբի անդամների հետ: Օրվա երկրորդ կեսին Եվրախորհրդարանում ԼՂՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի նիստը, որը վարում էր Եվրոպական խորհրդարանում Արցախի ղեկավար Ֆրանկ էնգելը: Այնուհետեւ պատգամավորներ Հայկ Խանումյանը եւ Դավիթ Մելքումյանը մասնակցել են Եվրոպական խորհրդարանում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված քննարկումներին, որի բանախոսը ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն էր: Կլոր սեղանին հրավիրված էին ԵԽ պատգամավորներ, փորձագետներ: Սեպտեմբերի 28-ին Արցախի պատվիրակությունը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գրասենյակում հանդիպում է ունեցել կառույցի նախագահ Դիոգո Պինտոյի եւ մյուս անդամների հետ: Օրվա երկրորդ կեսին Արցախի խմբի անդամներն այցելել են Ֆլամանդական խորհրդարան: Երեկոյան պատվիրակությունը մասնակցել է Բելգիայում ՀՀ դեսպանատան կողմից Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին նվիրված ընդունելությանը։

Նմանատիպ նյութեր