211652_close_icon
views-count1292 դիտում article-date 18:18 06-10-2016

Պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման խնդիրը կառավարության գերակայություններից է. Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը շնորհավորել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին և համոզմունք հայտնել, որ համատեղ համագործակցությունը կլինի արդյունավետ, անկեղծ ու բաց: Վարչապետը շնորհավորել է նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին՝ մաղթելով հաջողություն՝ հաշվի առնելով այն կարևորությունն ու դերը, որն ունի ՀՀ բանակը մեր կյանքում: Գործադիրի ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորել է կառավարության անդամներին և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Այնուհետև Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել մի շարք ոլորտների վերաբերյալ. «Առաջին հանձնարարականը գնումների վերաբերյալ է: Կառավարության նախորդ նիստում հանձնարարել էի քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություն: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ ֆինանսների նախարարին երկուշաբաթյա ժամկետում ներկայացնել գնումների մասնակի կենտրոնացման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ, ինչը պետք է հիմնված լինի հետևյալ կանոնների վրա. 1. Պարբերական սպառման բնույթ ունեցող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների գնումներն ամբողջությամբ պետք է իրականացվեն կենտրոնացված եղանակով, մասնագիտացված կառույցի կողմից՝ պատվիրատուների համախմբված պահանջարկի հիման վրա: Այդ գնումների ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ: 2. Պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացը հարկավոր է դարձնել էլեկտրոնային, որտեղ պայմանագրի գծով ընդունման հանձնման ակտերը, վճարման հանձնարարականները կուղարկվեն, կստացվեն ու կհաստատվեն միայն էլեկտրոնային եղանակով»,-նշել է ՀՀ վարչապետը: Կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման հանձնարարականի հետ կապված ստացված կարծիքների և քննարկումների ամփոփման արդյունքում պարզ է դառնում, որ գնումների ապակենտրոնացման հետևանքով ունենք գնումներ ապահովող բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք գնման ընթացակարգերի պատշաճ ապահովման համար ունեն մասնագիտական գիտելիքների հետ կապված խնդիր: Միաժամանակ, ապակենտրոնացման պարագայում էականորեն թուլանում է պետական գնումների նկատմամբ հսկողությունը, ձեռքբերումների համար միասնական տեխնիկական ստանդարտների սահմանումը: «Հաջորդ հանձնարարականը պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ է: Մենք որոշակի ուսումնասիրություններ ենք կատարել և ելնելով դրանից, կարծում եմ, ակտուալ է հետևյալ հանձնարարականը: Հանձնարարում եմ՝ 1.Ընդունել ի գիտություն, որ պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման խնդիրը կառավարության համար համարվում է գերակայություն և օրենսդրական նախագծերի տեսքով ներկայացվող նոր կարգավորումներում հաշվի առնել այս հանգամանքը: 2. Բնակչությանն այս ծառայությունները թե ժամանակի, թե տարածության, թե որակի առումով հնարավորինս մատչելի դարձնելու նպատակով ուսումնասիրել և արդարադատության նախարարություն ներկայացնել ձեր ղեկավարած գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ նկարագրելով յուրաքանչյուր ծառայության մատուցման գործընթացը և պահանջվող փաստաթղթերը: 3. Արդարադատության նախարարին՝ ամփոփել պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն: Որպես այլընտրանքային լուծում՝ առաջարկում եմ դիտարկել նաև որոշակի գործառույթներ մասնավոր հատվածին պատվիրակելու հնարավորությունը: 4. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ նշված խնդիրների լուծման նպատակով երկօրյա ժամկետում ձևակերպել առանձին հանձնարարականներ՝ նշելով կատարման պատասխանատուներին և ժամկետները: Մենք պետք է քաղաքացիների համար ստեղծենք առավել բաց, թափանցիկ հրապարակ, որտեղ նրանք պետական ատյաններից կարճ ժամկետում կստանան իրենց պատասխանները»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր