211652_close_icon
views-count3543 դիտում article-date 12:39 16-10-2016

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ. ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: ԶԼՄ-ները մարդկանց ու պետությունների կյանքին վերաբերող իրադարձությունների ինքնատիպ օրագիրն են, հաճախ նաեւ այդ իրադարձությունները կանխորոշողն ու թելադրողը` դրանով իսկ ծանրակշիռ, երբեմն նույնիսկ ճակատագրական դեր ունենալով քաղաքացու եւ պետության կյանքում: Ձեր` տարբեր դիտանկյուններ ունեցող լրագրողներիդ ու ձեր ներկայացրած լրատվամիջոցների միջոցով են փոխանցվում, ձեւակերպվում հասարակության` իրենց մեջ տարբեր ազդակներ պարունակող ասելիքն ու խոսքը, որոնք համադրելով սեփական ասելիքի հետ` հրապարակայնորեն բարձրաձայնում եք խնդիրներ, մտահոգություններ ու նաեւ առաջարկում լուծումներ: 222 տարի առաջ լույս տեսած հայոց առաջին պարբերականը` «Ազդարարը», ուներ ի՛ր ձայնն ու խոսքը, որոնք գուցեեւ համահունչ չեն այսօրվա լրատվամիջոցների մտածողությանը, այդուհանդերձ, իրենց մեջ նույնպես որոշակի ազդակներ ունեն, որոնք բնավ չեն կորցրել արդիականությունը: Լրատվամիջոցների եւ լրագրողների օբյեկտիվությունն ու անկեղծությունը, ազատ խոսքի հավաստիությունը մեծապես կախված են ազատ մտածելու, արտահայտվելու եւ գործելու հնարավորությունից: Հայաստանյան լրատվամիջոցների այսօրվա անխոչընդոտ ակտիվությունն ու հասարակական-քաղաքական եւ պետական կյանքին լիարժեք մասնակցությունը լավագույնս են բնորոշում այն հասարակական պահանջարկը, որ կա լրատվական դաշտի հանդեպ եւ այն բարենպաստ մթնոլորտը, որն առկա է նրանց արդյունավետ ու անկաշկանդ գործունեության համար: Վերստին շնորհավորելով Հայ մամուլի օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, ստեղծագործական ոգեւորություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

Նմանատիպ նյութեր