19305 դիտում
14:02 27-10-2016
Եռասերունդ երկրապահական ընտանիքը հարգեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենասեւ էջերից է։ 1999-ի այդ օրը հենց ԱԺ նիստերի դահլիճում դաժանաբար գնդակահարվեցին խոշորագույն պետական այրեր՝ գործիչներ, որոնց հետ էր հայ ազգը կապում զարգացման, առաջընթացի հնարավորությունները։ Ահաբեկության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրա Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը։ Հոկտեմբերի 27-ն, այսինքն, հիշատակման օր է։ Այս օրը հստակ կանոնակարգված աշխատակարգով է անցկացվում եռասերունդ երկրապահական ընտանիքում։
Հոկտեմբերի 27-ի առավոտյան երկրապահները, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ոճրագործության 17-րդ տարելիցի արարողությունները սկսեցին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի` Երկրապահ կամավորականների միության վարչության շենքում տեղադրված կիսանդրին եւ ի փառս Սպարապետի խաչքարը ծաղկադնելով: Ապա մոմ վառեցին վարչության բակում գործող մատուռում:
Եռաբլուրում ոճրագործության 17-րդ տարելիցի կապակցությամբ, հավաքվել էին Հանրապետության բոլոր տարածքների եռասերունդ երկրապահներն ու վազգենասեր հայ ժողովուրդը:
Յուրաքանչյուր երկրապահ իր մեջ մի հուշ ունի ազգային ազատագրական ու ինքնապաշտպանական պայքարի տարիներից, բանակաշինության տարիներից մի դրվագ ունի, մի խորհուրդ, որ գալիս է Սպարապետ Վազգեն Սարգսյանի լուսավոր կերպարից:
Սպարապետ Վազգեն Սարգսյանն այդ հուշով, այդ դրվագով, այդ խորհրդով ապրում է յուրաքանչյուրի մեջ ու նրանց մեջ ապրելով շարունակում է հարատեւել: Սպարապետ Վազգեն Սարգսյանը շարունակում է ապրել իր գործով, գործ, որը շարունակում է երկրապահը, որը շարունակելու են երկրապահական սերունդները` երիտասարդ ու պատանի երկրապահները:
Երկրապահների բազմահազարանոց զանգվածը, զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ԵԿՄ վարչության անդամների, երիտասարդ երկրապահների մասնակցությամբ եւ դրոշակակիր պատանի երկրապահների քայլքի ներքո, ծաղկադրեցին «Անհայտ զինվորի» հիշատակը հավերժացնող հուշակոթողը, ապա հարգանքի եւ խոնարհումի տուրք մատուցեցին արցախյան ազատամարտի ու ազգային-ազատագրական պայքարի հերոս նահատակների հուշակոթողներին:
Այնուհետեւ եռասերունդ երկրապահները տխուր, բայց խրոխտ քայլվածքով մոտեցան ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին` ծաղկադնելով ու խնկարկելով Սպարապետի անմահ հիշատակը:
Այս խնկարկումը երդում է` հավատարմության ու Սպարապետի հիշատակի եւ նրա սկսած գործը շարունակելու երդում:
Երկրապահական պատվիրակությունն այցելեց նաեւ Սպարապետի հայրենի օջախ՝ Արարատի մարզ: Եռասերունդ Երկրապահը ծաղկադրման արարողություններ կատարեց Վեդի քաղաքում Սպարապետի հուշարձանի մոտ, Արարատ քաղաքի կենտրոնում կանգնեցված Սպարապետի հուշարձանի մոտ: Արարողություններին մասնակցում էին նաեւ զորամասի հրամկազմն ու զինծառայողները:
Երկրապահական եռասերունդ պատվիրակությունը Եղավ Սպարապետի տուն-թանգարանում, խոնարհումի տուրք մատուցվեց տուն-թանգարանի բակում տեղադրված Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահի կիսանդրու առջեւ:
Եռասերունդ երկրապահական ընտանիքի անդամները այցելեցին նաեւ Սպարապետի հիմնած Արարատի մարզի զորամաս, որտեղ եւս ծաղիկներ խոնարհեցին նրա կիսանդրու առջեւ:
Հոկտեմբերի 27-ին Կոմիտասի անվան Պանթեոնը նույնպես լեցուն էր երկրապահներով, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհ դարձած Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին:
Երկրապահները գնահատել գիտեն եւ հավուր պատշաճի գնահատում ու խոնարհումի տուրք տալով վառ են պահում Կարեն Դեմիրճյանի հիշատակը:
Հոկտեմբերի 27-ին երկրապահները խոնարհումի տուրք մատուցեցին նաեւ Արմենակ Արմենակյանին` այցելելով Նորքի՝ իր իսկ նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ կառուցված Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում ննջող հայորդու շիրիմին: Այստեղ նաեւ հոգեհանգստյան պատարագ մատուցվեց հոգեւոր հայրերի կողմից:
Հայ ժողովրդի նորօրյա կամավորականության պատմության մեջ, կամավորական ջոկատի հրամանատար Արմենակ Արմենակյանը կմնա որպես հարգանքի ու փառավորմանը մշտապես արժանի անուն` հայրենապաշտ, խիզախ ու ըմբոստ:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության առիթով, Երկրապահ կամավորականների միության բոլոր տարածքային բաժանմունքներում, ինչպես նաեւ Արցախում եւ արտերկրի ներկայացուցչություններում տեղի են ունենում հիշատակի հավերժացման եւ խնկարկման միջոցառումներ:
Տեղերում երկրապահները ծաղիկներ են խոնարհում իրենց տարածքների պանթեոններում ննջող արցախյան հերոսամարտի նահատակների շիրիմներին. ծաղկադնում են նաեւ հիշատակի հավերժացման հուշակոթողներն ու խաչքարերը:
Հոկտեմբերի 27-ի առավոտյան, ինչպես արդեն նշեցինք, երկրապահական ընտանիքը Եռաբլուրում է լինում, այստեղ են լինում բոլոր տարածքային բաժանմունքների ներկայացուցիչները: Էջմիածնի տարածքային բաժանմունքի անդամները հանրության ներկայացուցիչների, Երկրապահ կամավորականների միության վարչության անդամների, պատանի, երիտասարդ, դրոշակակիր երկրապահների ուղեկցությամբ, հարգանքի տուրք են մատուցում Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքում Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Էջմիածնեցիները նաեւ իրենց քաղաքի՝ Սպարապետի անունը կրող հրապարակում ծաղիկներ խոնարհեցին Ազգային հերոսի կիսանդրու առջեւ: Էջմիածնի միջոցառումներին նույնպես մասնակցում էր Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:
Երեկոյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բակում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության զոհերի հիշատակին տեղադրված հուշարձանի մոտ, խնկարկում եւ ծաղկադրում կիրականացվի եռասերունդ երկրապահների կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
10581 դիտում
13:52 09-05-2017
Էջմիածնում Եռասերունդ երկրապահական ընտանիքը հարգանքի տուրք է մատուցել մայիսյան տոների կապակցությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան